Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում որոշեցին վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
Մեղադրող Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդությանը, քանի որ անձնագիրը վերադարձում են, երբ քրեական հետապնդումը դադարեցնում են: Դատախազը նաև հիշեցրեց, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը կարող է լքել ՀՀ սահմանը և խուսափել գործի քննությունից:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ խափանման միջոց է կիրառված գրավը, իսկ երկրից բացակայելը կսահմանափակվի ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ:
Դատավորն ասաց, որ որպես երաշխիք, որ Հայկ Սարգսյանը գործի քննությունից չի խուսափի, երաշխիք կհանդիսանա նախկինում վճարված գրավը, իսկ եթե նա խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Նա, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: