Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարդացի, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մինչ այժմ իրեն առաջարկված բոլոր առանձնատներից: Բայց օրենքի պահանջը պետք է կատարվի. պաշտոնաթող նախագահին անհրաժեշտ է տրամադրել կացարան: Ի՞նչ անել:
Այստեղ մի առաջարկ ունեմ, և սա ասում եմ առանց հեգնանքի: Ս. Սարգսյանի ապրելու և աշխատելու համար շատ հարմարավետ է (անվտանգության, կարգավիճակի, հարմարությունների, տեղի առումով) Մոնումենտում կառուցած Հովիկ Աբրահամյանի դղյակը: Ենթադրում եմ, որ հիմա Հովիկ Աբրահամյանը որոշակի դիսկոմֆորտ կունենա այնտեղ բնակվել: Ի վերջո, այս ամենից հետո նա պետք է գիտակցի, որ նախկին շատ բարձրաստիճան պետական գործչի համար մեծ դժբախտություն է, նույնիսկ անեծք, ապրել այդպիսի անիմաստ մեծ ու ճոխ առանձնատանը: Հատկապես աղքատության մեջ ապրող հարյուր հազարավոր մարդկանց շրջապատում, հատկապես պատերազմող երկրում: Եʹվ ԱԺ, ևʹ կառավարության նախկին ղեկավարը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ և անհատույց` ասենք 49 տարի ժամկետով, փոխանցի այդ դղյակը նախկին նախագահին: Երկու գործընկեր են, թիմակից, կուսակից, և Հ. Աբրահամյանի համարձակ քայլը ոչ մեկին ոʹչ կզայրացնի, ոչ կզարմացնի:
Ի միջիայլոց, այդ դղյակը այնքան մեծ է, որ տան մի թևում կարող է ապրել Ս. Սարգսյանի ընտանիքը, իսկ մյուս թևում կարող է գործել 3-րդ նախագահի գրասենյակը (ինչպես Վաշինգտոնի Սպիտակ տանը):
Իսկ այն առանձնատներից մեկը, որից հրաժարվել է Ս. Սարգսյանը, կարելի է մանկապարտեզի վերածել, կամ ուսումնական հաստատության, կամ բազմազավակ ընտանիքի. տարբերակները շատ են: Եʹվ պետական բյուջեն կլորիկ գումար կտնտեսի, ևʹ Հ. Աբրահամյանը. էլ չի վճառի ֆանտաստիկ մեծ չափի կոմունալ ծախսեր, գույքահարկ, հողի հարկ, ընթացիկ վերանորոգում և այլն:
Հաճախ բարդ թվացող խնդիրները պարզ լուծում են ունենում…»: