տուն Լուրեր Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրություն փոխելու նախաձեռնությանը մենք նայում ենք անտարբերությամբ. Արմեն Աղայան

Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրություն փոխելու նախաձեռնությանը մենք նայում ենք անտարբերությամբ. Արմեն Աղայան

89
0

Armen-Agayan

Araratnews-ը Սահմանադրական փոփոխությունների, Եռյակի հանրահավաքի ու այլ հարցերի շուրջ զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի հետ:

-Ի՞նչ դիրքորոշում ունեք Սահմանադրական փոփոխությունների հարցով:

-Սահմանադրական փոփոխության մասին մենք, իհարկե, դիրքորոշում ունենք: «Հայազնի» ծրագրի վերջին բաժնում շարադրված են ապագա Հայաստանի համար մեր պատկերացրած Սահմանադրության հիմնական սկզբունքները: Դրանք ոչ մի կապ չունեն ու հավասարապես հեռու են թե նախագահական, թե խորհրդարանական տարբերակներից: Օրինակ, Հայոց պետությունը մենք պատկերացնում ենք ազգային որոշումների կայացման ոչ մրցակցային, չկուսակցականացված համակարգով: Դա հիմնովին փոխում է օրենսդիր և գործադիր իշխանությունների կառուցվածքը և ձևավորման սկզբունքները: Սերժ Սարգսյանի Սահմանադրություն փոխելու նախաձեռնությանը մենք նայում ենք նույն անտարբերությամբ, ինչ անտարբերությամբ նայում ենք ներկա նախագահական համակարգը փրկելու այլոց ջանքերին: Ազգային պետության Սահմանադրությունը պետք է ընդունվի համազգային որակյալ քննարկման արդյունքում, համապարփակ քաղաքացիական համաձայնությամբ: Այս չափանիշին չեն բավարարում ոչ գործող Սահմանադրությունը, ոչ էլ կարծում եմ դրա փոփոխվող տարբերակը կհամապատասխանի: Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը, եթե համարվի ընդունված, կարծում եմ, ոչ լեգիտիմ կլինի:

-Ի՞նչ խնդիր է լուծում Սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը:

-Ես այնքան էլ չեմ կիսում տարածված տեսակետն այն մասին, թե Սահմանադրությունը փոփոխվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետի կարգավիճակով շարունակի իշխել: Նման ցանկությունը իհարկե բացառված չէ, բայց ժամանակին նախագահական Սահմանադրությունը չխանգարեց Վազգեն Սարգսյանին բացարձակ իշխանություն հաստատել: Իսկ քոչարյանական փոփոխություններից հետո խորհրդարանական մեծամասնությունը ավելի անկախ է դարձել նախագահից: Կարծում եմ՝ քաղաքական ուժերը հարցին նայում են իշխանափոխությանը մասնակցելու իրենց հնարավորությունների տեսակետից: Եթե նրանք անձի շուրջ են կառուցված, որն իրեն միայն նախագահի կարգավիճակում է պատկերացնում ու նախագահական ընտրությունում ավելի լավ արդյունքի է հավակնում, քան խորհրդարանականում, ուրեմն պետք է պայքարեն նախագահական համակարգը պահպանելու համար: Մենք Սերժ Սարգսյանին որևէ հարցում պաշտպանելու խնդիր չունենք: Չենք պաշտպանի նրան նաև Սահմանադրության առաջիկա փոփոխության ժամանակ: Ճիշտ է, իշխանափոխության տեսակետից մեկ` խորհրդարանական ընտրությունն ավելի լավ է, քան երկու` նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համակարգը, երբ իշխանության մի թևը մյուսի վերարտադրության ավելի լավ պայմաններ է ստեղծում: Բացի այդ, փոքրանում է նախագահացու կուռքերի դերը, ավելի կարևոր են դառնում քաղաքական թիմերը: Սակայն երկկուսակցական համակարգ ձևավորելու սահմանադրական հանձնաժողովի ձգտումը ու դրանից բխող փոփոխությունները կարող են ի չիք դարձնել այդ առավելությունները: Հետևաբար «Հայազնը» Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները պաշտպանելու ոչ սկզբունքային, ոչ էլ մարտավարական ոչ մի պատճառ չունի:

-Եռյակի հանրահավաքի մասին ի՞նչ դիրքորոշում ունի ձեր կուսակցությունը:

-Չեմ կարծում, թե մեր կուսակցությունը այլ կուսակցությունների կազմակերպած միջոցառումների մասին կարծիք պետք է ունենա և հայտնի` համենայնդեպս, նախքան դրանց կայանալը: Կարող եմ միայն ասել, որ մենք, որպես կառույց, դրան չենք մասնակցում որևէ կարգավիճակով:

Արմեն Մկրտչյան