«Հա, նաև համաձայն եմ մտքի հետ, որ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ական թվականների հող ձեռք բերեց: Բնականաբար, նման իրադարձությունների ժամանակ այդ հող ձեռք բերելը վերացական հասկացողություն է: Ի՞նչ կորցրեց եւ եթե չկորցներ՝ ի՞նչ կշահեր, եթե հետ վերցներ՝ մենք ինչ կկորցնեինք: Դրան պետք չէ այդքան նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, բացահայտ ասում եմ՝ մեկ-երկու օրվա խնդիր էր այդ ամենը հետ վերադարձնելը, բայց դրա հետևանքները շատ ծանր կարող են լինել: Հարկավոր է ավելի խորամիտ լինել, եւ այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողերի, որ ոչ մի ռազմավարական նշանակություն չունեն: Սրա մասին, ընդհանուր առմամբ, մենք երկար ենք խոսել: Պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա, կան այլ խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն սևեռենք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար տարածքի մասին ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին:
Ապա ՀՀԿ-ական գործիչն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որ նախագահ Սերժ Սարգսյանը հող հանձնելու քաղաքականություն է վարում եւ չի սպասարկում հայ ժողովրդի շահերը:
«Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահերը: Չգիտեմ՝ Զարուհի Փոստանջյանը ում շահերն է սպասարկում: Չէի ցանկանա անդրադառնալ նման քաղաքական գործիչների հայտարարություններին: Դրանք հերյուրանքներ են, հերյուրանքներին չեմ անդրադառնում»,-շեշտեց նա: