Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
—Ադրբեջանը կրկին սրեց իրավիճակը սահմանին, այսինքն՝ այն հարաբերական դադարը, որ հաստատվել էր ապրիլի 5-ից հետո, այս երկու օրերին խախտվեց ավելի ակտիվ կերպով, այս ամենին նախորդեց Սերժ Սարգսյանի՝ ամերիկյան Bloomberg պարբերականին տված հարցազրույցը: Կապ տեսնո՞ւմ եք, հնարավոր համարո՞ւմ եք , որ Սարգսյանի հայտարարությունից հետո Ադրբեջանը կրկին անցավ կտրուկ գործողությունների:
-Ուղղակի կապ չեմ տեսնում. մեծ հաշվով ամեն վայրկյան սպասում ենք, որ լայնածավալ հարձակումները կարող են վերսկսվել: Հասկանալի է՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, շոկ է առաջացրել Ադրբեջանում: Նրանք անընդհատ ասում էին՝ հայերը վախեցած են, պետք է գնան զիջումների, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը սթափեցրեց նրանց: Կարծում եմ՝ իրենց հռետորաբանությունը փոքր-ինչ թուլացել է, չեմ կարծում, որ պատրաստ են լայնածավալ պատերազմի: Լարվածությունը, բնականորեն, մեծացել է: Ապրիլյան պատերազմից հետո հասկանալի է, որ նոր բանակցություններն անիմաստ են մի կողմի հետ, որը փաստացի դավադիր մակարդակով այդպիսի քայլերի դիմեց: Եթե ադրբեջանական կողմն ուզում է, որ բանակցությունները շարունակվեն, ապա պետք է դադարեցնի ռազմական գործողությունները:
— Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել է. «Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք իր այս հայտարարությունը:
-Երբ ապրիլյան դեպքերից հետո Լավրովն եկավ Հայաստան, եւ բոլորը խոսում էին, որ փորձում են ռեանիմացնել Կազանի փաստաթուղթը, որին Հայաստանը դրական էր վերաբերում, Ադրբեջանը՝ ոչ, կար մի վտանգ, որ Ադրբեջանը եւս համաձայն է դրա հետ, իհարկե, չեմ ուզում պնդել: Սերժ Սարգսյանը փորձեց զոնդաժ անել այս խնդրի վերաբերյալ, հանդիպեց Հայաստանի քաղաքական շրջանակների հետ, գնաց Ղարաբաղ եւ իր համար պարզեց, որ ՀՀ-ում եւ Արցախում ֆունդամենտալ փոխված է մթնոլորտը, մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանը անվստահելի գործընկեր է, նրանց հետ ընդհանրապես վտանգավոր է առանց որևէ երաշխիքների գնալ որևէ պայմանավորվածության: Մենք իմացանք, որ Կազանի փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքների վրա ձևավորված մի այնպիսի առաջարկ է, որտեղ մեզ համար կան անընդունելի դրույթներ: Եվ սա լրացուցիչ ազդակ հանդիսացավ, որ Սերժ Սարգսյանը փաստացի այլեւս չհամաձայներ նախկին՝ իր կողմից համաձայնության արժանացած փաստաթղթի, ուստի Հայաստանում անորոշություն չառաջացնելու պատճառով հայտարարեց՝ դուրս է գալիս բանակցային գործընթացից, բայց բոլորը հասկանում են՝ դա ժամանակավոր երևույթ է. ի վերջո ինքը (Սերժ Սարգսյան) պետք է պատասխան տա, թե ինչ փաստաթղթի է կողմ: Կազանի փաստաթղթին ժամանակին դրական է արձագանքել, որը պարզվում է՝ չի ներառում ամբողջական փաթեթ, որ մենք հանձնում ենք ազատագրված տարածքներ եւ դրա դիմաց ստանում ենք Ղարաբաղի ինքնորոշման հիման վրա նոր, անկախ պետություն. այդ փաստաթղթով մենք հանձնում ենք տարածքներ եւ ստանում անորոշ կարգավիճակ, որը կարող է քննարկվել երկար տարիներ: Եվ այդ իմաստով մեզ մոտ առաջացել է լուրջ ճգնաժամային իրավիճակ, որի պատճառով էլ Սարգսյանը դադար է վերցնում՝ հրաժարվելով բանակցային գործընթացից: Հասկանալի է, որ միջազգային կառույցները չեն համակերպվի այս իրավիճակին, որովհետև եթե դու դադար ես վերցնում եւ անորոշ դարձնում վիճակը, ըստ էության, պատերազմի վտանգը շեշտակի մեծանում է:
-Այսինքն՝ Սարգսյանը Կազանի փաստաթուղթը փոփոխությունների ենթարկելու նպատակ ունի՞:
-Անպայման: Ինքը հասկացավ՝ եթե այդ փաստաթղթին համաձայնվի, Ադրբեջանն էլ իր դրական խոսքն ասի, ապա լրջագույն խնդիր կունենանք: Կազանի փաստաթուղթը մեզ համար շատ վտանգավոր է:
—Ինչից փորձեց խուսափել Սերժ Սարգսյանը այդ քայլով:
-Ինքը փորձում է փրկել իր իշխանությունը. այն մազից է կախված: Մարդիկ հաշվետվություն են պահանջում, փաստորեն մեզ խաբել են երկար տարիներ եւ փլված է ոչ միայն տնտեսությունը, այլեւ անվտանգության համակարգը, չունենք անվտանգության երաշխիք: Իր (Սերժ Սարգսյան) կառավարման ընթացքում կորցրել ենք Ադրբեջանի հետ ռազմական բալանսը: