«Փոփոխություններ պտի ըլնեն: Նախ մեր նախարարը` Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար ա եղել: Շատ լավ պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար ա եղել: Բայց երկար տարի մի մարդ, որ մի տեղ մնում ա, էդ տեղի թերություններն էլ աչքին չի գալի»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի փոփոխությանը՝ նշեց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը բանակը բոլորից լավ գիտի:
Արձագանքելով այն խոսակցություններին, թե նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Սարոյանը հայտարարեց, թե չարաչար սխալվում են այդպես մտածողները. «Վիգենը հենց իրա կարիերան սկսել ա բանակից: Վիգենը, երբ սովորելուց եկել ա, եկել ա նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում ա, յոթ-ութ տարի մեր նախարարի կողքին ա եղել: Ամեն ինչում ինքը մասնակցել ա»:
Սեյրան Սարոյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին «ավելի լավ» պաշտոնի կտանի: Իսկ հարցին`թե կոնկրետ ի՞նչ պաշտոնի՝ ասաց, թե հաստատ չգիտի թե ո՞ւր, դրա համար չի ասում: «Բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի հատ պիտանի տեղ, մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք»,- ասաց նա:
Գլխավոր շտաբի պետի փոփոխությանը վերաբերվող հարցին եւ դիտարկմանը, թե Խաչատուրովի եւ իր որդու անունները միշտ տարբեր կրիմինալ եւ կոռուպցիոն պատմություններով են ուղեկցվել, նա ասաց, որ Խաչատուրովի որդին`Գրիշան «շատ լավ տղա ա, շատ լավ ծառայող տղա ա, շատ պինդ, ձիգ զինվորական տղա ա, Խաչատուրովի խաթեր չեն նշանակել, արժանի տղա ա որպես զինվորական, որ նշանակվի էդ պաշտոնին»:
Հիշեցնենք, որ Գրիշա Խաչատուրովին նշանակել են երրորդ կորպուսի հրամանատար: Յուրի Խաչատուրովի`ԱԱԽ քարտուղար նշանակվելու մասին էլ ասում է`«գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ տղա ա, կարա աշխատի»: Պատասխանելով կառավարությունում այլ փոփոխություններին վերաբերվող հարցին էլ ասաց. «Ա լավ էլի, մեր արտաքին գործերի նախարարը լավն ա»: Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնակնությամբ էլ ուրախ չի. «Իմ ընգերներն են»:
Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաև Հայաստանի արդիական զենքին՝ ասելով, որ «Իսկանդեր»-ները Հայաստանինն են, ոչ մի կասկած չկա դրանում: «Մեր «Իսկանդեր»-ներից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենան»,- ասաց նա՝ հավելելով, որ չպետք է կասկածի տակ դնել հարցը, թե այդ զենքը մեր չէ: «Մերն ա, բա հո ձրի չի, սկի կնիկը մարդուն ձրի բան չի տա: Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: «Մուտիլովչիկներն» են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն ուրիշ բան»,- ասաց նա: