Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադարձավ նաև Էրդողան-Սարգսյան նամակագրությանը: Ըստ բանախոսի՝ ՀՀ նախագահը ոչ միայն պետք է մերժեր Էրդողանի հրավերը, այլ պետք է ևս մի քանի միտք հնչեցներ:
«Սերժ Սարգսյանը պետք է նաև մեղադրական հնչեցներ՝ ընդգծելով այն միտքը, որ իրեն մի երկիր են հրավում, որն առ այսօր բռնազավթած է պահում ՀՀ տարածքը: Եթե այս միտքը չի հնչել, ուրեմն ամեն ինչ անիմաստ է դառնում»,-նկատեց բանախոսը:
Վերջինս նշեց, որ Գալլիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները միշտ էլ նշվել են, բայց նշվել են մարտին, միայն այս տարի է, որ այն տոնվելու է ապրիլի 24-ին:
«Թուրքիան Գալլիպոլիի միջոցառումներով փորձում է ստվերել Ցեղասպանության հարյուրամյակը: Թուրքիան 100-ից ավել երկրների հրավեր է ուղարկել, որոնց մեծ մասից դրական պատասխան է ստացել: Սրանից հետևում է, որ այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք պետք է Հայաստան գային ապրիլի 24-ին՝ կմեկնեն Թուրքիա»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին՝ վերջինս հայտնեց այն կարծիքը, որ հայական կողմը բավականաչափ ուժ չի ներդրել դրանք կազմակերպելու համար, քանի որ ոչ գիտական առումով, ոչ էլ մշակութային լուրջ ձեռքբերումներ այս ասպարեզում չեն նկատվում:
« Հոլոքոստի վերաբերյալ կան հիմանարար հատորներ, որոնք նաև թարգմանված են, ուստի հարց է առաջում՝ արդյոք Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք մի քանի լեզվով թարգմանված քառահատոր հանրագիտարաններ չպետք է ունենայինք: Կարծում եմ՝ անհրաժեշտ են քանական փոփոխություններ, հատկապես գիտական ասպարեզում»,-շեշտեց բանախոսը: