Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության համագործակցության աշխարհագրական արեալ հարավային ուղղությամբ ընդլայնելու խնդիրը, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև «միջազգային և տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո» Եվրասիական տնտեսական միությունում ստեղծված դժվարություններին և կարևորել 2015-2016թթ. համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումը, միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումը, ինչպես նաև ծառայությունների շուկայի փուլային ազատականացումը:
«ԵԱՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք», — գնահատել է Հայաստանի նախագահը՝ հավելելով․ — «Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռքբերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր: Պայմանագրի համաձայն՝ այս ուղղությամբ կարևոր գործառույթ է վերապահված Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը հաջորդ տարվա փետրվարի 1-ից պետք է ձևավորվի նոր կազմով, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով: Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչև նշված ժամկետը: Ուստի, առաջարկում եմ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում լավ ծանոթանալ այս հարցին այն հաշվարկով, որ հաջորդ գագաթնաժողովին մենք կարողանանք հաստատել հանձնաժողովի կազմը և նախագահին՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա»: