Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է: Հեռացող է ոչ թե այս կամ այն ուժի պարտադրանքով, ոչ թե սեփական բարեսրտության շնորհիվ, այլ տարբեր սուբյեկտիվ պատճառներով: Առաջինը, բնականաբար, նախագահական կառավարման ժամկետի մոտալուտ ավարտն է: Սակայն այդ ավարտից հետո էլ նա կարող էր մնալ պետական համակարգում, կարող էր ռուսական սցենարի կրկնություն ապահովել և այլն: Սակայն նրա վերջին շրջանի պահվածքը ուղղակի լյուդովիկոսյան՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամադրությունն է հիշեցնում: Օրերս Չեխիայում՝ հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փաստորեն, Սերժ Սարգսյանն ընդունել է նեղացածի դիրք ու արհամարհանքով, կոպտորեն պատասխանել մեր հայրենակիցներին: Մասնավորապես, Լարիսա Գրիգորյանը հարցնում է, թե ինչպես կմեկնաբանի նախագահը Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցը: Հիշեցնենք, որ Ազնավուրն ասել էր. «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակների՞ն, մի քանի մաֆիոզի։ Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքրիկ կտոր, որն օրեցօր մահանում է» Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը։ Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել «ահագնացող» բառի իմաստը։ Ամենից տարօրինակ պատասխանը ստանում է Բագրատ Առաքելյանը, դժգոհելով ՀՀ-ի մաքսային միությանը միանալու որոշումից, որին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասում է. « Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարդացե՞լ ես Եվրամիության հետ ազատ առեւտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան։ Իսկ քաղաքացիներից մեկի հարցին էլ, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանում ընդամենը մի հոգու շաքարի ներմուծմամբ զբաղվելու իրավունք տալը, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն։
Այսքանից հետո էլ մեկնաբանության կարիք չկա: Մնում է անհամբեր սպասել, թե երբ է Հայաստանի ամենաձախողակ գործիչը ընդմիշտ լքելու դաշտը:
Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ հնչած հարց ու պատասխաններին ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Լուսանկարը՝ aravot.am-ի:
Արմեն Մկրտչյան