Սերժ Սարգսյանը երեկ մայրաքաղաքում ներկա է եղել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Բաղրամյան 26-ից: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է հանրապետության նախագահի պաշտոնը:
Այս տարիների ընթացքում սակայն Հայաստանում որեւէ արտադրական կենտրոն չբացվեց: Հայաստանում պահպանվում է գործազրկության բարձր մակարդակը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը 2016 թ. հունվարի 1-ին կազմել է շուրջ 70 հազար մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 17,9%-ով: Թվական այս տվյալները, սակայն, գործող իշխանություններին չեն մտահոգում: Աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ նրանք որեւէ քայլ չեն ձեռնարկում: Փոխարենը Սերժ Սարգսյանը մասնակցում է այս կամ այն օլիգարխին պատկանող օբյեկտի բացման արարողությանը: Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնական եւ գլխավոր զբաղմունքը դարձել է խանութի կամ, լավագույն դեպքում, հյուրանոցի կարմիր ժապավենը կտրելը: Խոստովանենք` սա լուրջ ձեռքբերում է մի իշխանության համար, որի ղեկավարման յուրաքանչյուր օր Հայաստանը դատարկվում է:
Սերժ Սարգսյանը, օրինակ` 2015-ի մայիսի 29-ին ներկա է եղել Ջերմուկում կառուցված «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացմանը:
Նույն տարվա սեպտեմբերի 19-ին Սարգսյանը մասնակցել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի բացման արարողությանը: 2015 թվականի հուլիսի 18-ին Սարգսյանը հերթական հյուրանոցի՝ Երևանի կենտրոնում գտնվող DoubleTree-by-Hilton հինգաստղանի հյուրանոցի բացմանն է գնացել:
2013 թվականի դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը ներկա է եղել «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը:
2012 թվականի դեկտեմբերի 22-ին Ս. Սարգսյանը մասնակցել է «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի բացման արարողությանը:
Նման օրինակների պակաս չկա: Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխող քաղաքական ուժին եւ իր ղեկավարին հասարակության հիմնական խնդիրը՝ զբաղվածության հարցը, չի մտահոգում:
Իրավիճակն առավել տխուր է երբեմնի արդյունաբերական համարվող քաղաքներում:
Փայլակ Ֆահրադյան