տուն Լուրեր Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել. Լևոն...

Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել. Լևոն Մկրտչյան

91
0

1472646485-9539

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր շնորհավորական խոսքըն է ուղղել Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  եմ  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է  մեր ժողովուրդը  ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:

Ուսուցչի մեծարանքը որքան  հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի  նրա վրա է դրված  հայ տեսակի շարունակության ապահովման  և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է  հասնենք  մեր  ազգային իղձերի և նպատակների իրականացմանը:

Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական  արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:

Սա է ուսուցչի  և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը:
Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»: