տուն Քաղաքական Միջազգային Սերբիայում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Սերբիայում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

99
0

jrhexexՋրհեղեղի պատճառով Սերբիայի 15 շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ջրի տակ է անցել 710 տուն, երեքշաբթի հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն:

Ամենից շատ այդ ջրհեղեղից տուժել է Կրալեւո քաղաքի շրջակայքը: Արեւմտյան Մորավա գետը քաղաքի շրջակայքում ծածկել է 360 տուն, իսկ Չաչակի շրջանում`  150 տուն: Կրալեւոյի ծայրամասերով ջրի տակ անցած շատ տներ դեռեւս ամբողջությամբ չեն վերականգնվել 2014-ի մայիսի ավերիչ ջրհեղեղից հետո: Գրդիցայի շրջանի չորս հարյուր բնակչի տեղավորել են միջնակարգ դպրոցում եւ ազգականների մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես քաղաքացիներին ասել եմ, որ մենք ինքներս չենք մաքրում մեր տների տակի առուները», — հայտնել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը` հիշեցնելով, որ տեղի բնակիչները գետերի ափերի մոտ տարերային կենցաղային աղբանոցներ են ստեղծում:  «Մեզ մոտ (ջրհեղեղի ընթացքում) սառնարանները վնասել են կամուրջը Նոր Պազարում: Դրա համար մեղավոր է ոչ թե պետությունը, այլ նրանք, ովքեր ալարում են սառնարանը տանել աղբանոց», — ասել է նա:

Սերբիայի վարչապետը տուժածներին խոստացել է, որ պետությունը կփոխհատուցի  տներին, տնտեսական կառույցներին եւ գյուղատնտեսական հողամասերին հասցված «գրեթե ամբողջ վնասը»: Նա ասել է, որ երեքշաբթի կառավարությունը մի շարք ենթաօրենսդրական ակտեր կընդունի տուժած շրջանների բնակիչներին օգնելու համար: Վուչիչի խոսքով, «ներկայիս ջրհեղեղը ոչ մի կերպ չի համեմատվի» նրա հետ, ինչ տեղի ունեցավ 2014-ին: Այն ժամանակ բալկանյան տարածաշրջանում հորդառատ անձրեւների հետեւանքով վարարումներ առաջացան,   որոնք հանգեցրին գետերի` հունից դուրս գալու եւ բազմաթիվ սողանքների: Բնական աղետի հարվածը հիմնականում իրենց վրա զգացին Սերբիայում, Բոսնիա  Հերցեգովինայում, Խորվաթիայում: Մայիսյան ջրհեղեղի հետեւանքով մոտ 60 մարդ զոհվեց: