Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանը Սերբիային և Խորվաթիային անմեղ է ճանաչել 1991-1995 թվականներին խորվաթական տարածքում ընթացող պատերազմի ժամանակ Ցեղասպանություն իրականացնելու գործում: Այս մասին ասվում է դատարանի նախագահ Պետեր Տոմկայի հայտարարության մեջ:
Հաագայում միջազգային դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Գործի քննությունը տևել է մոտ 15 տարի:
Խորվաթիան Սերբիային մեղադրում էր Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան խախտելու մեջ: Խորվաթական կողմի տվյալներով` Սերբիան պատասխանատվություն է կրում Կնին շրջանում էթնիկական զտումների համար, ինչպես նաև Սլավոնիայում և Դալմացիայում նման գործողություններ իրականացնելու մեջ:
Սերբիան իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել, որով Խորվաթիային մեղադրում էր 1995 թվականին «Մրրիկ» և «Փայլ» օպերացիաների իրականացման ժամանակ էթնիկական զտումներ իրականացնելու մեջ: Բացի փոխհատուցումից, Սերբիան պահանջում էր չեղյալ հայտարարել օգոստոսի 5-ին նշվող Հաղթանակի և Հայրենիքի գոհաբանության օրը, որը պայմանավորված է այդ օպերացիաներում Խորվաթիայի հաջողություններով: