տուն Արցախ Պատերազմին մասնակցելու համար եկա Մոսկվայից

Պատերազմին մասնակցելու համար եկա Մոսկվայից

210
0

image (1)

«Հետաքրքիր պատմություններ` անկախության օրվան ընդառաջ» շարքի շրջանակներում այս անագամ Araratnews.am-ը զրուցել է Արամայիս Քոսակյանի հետ: Արամայիսը զինակից ընկերներին դիրքերում միացել է 1992 թվականին: Նա կռվել է ԱԻՆ կամավոր հրշեջների ջոկատի շարքում: Պատերազմին մասնակցելու համար Հայաստան է եկել Մոսկվայից:

-Պարոն Քոսակյան ի՞նչը դրդեց գալ Հայաստան այդ տարիներին:

-Ես հայ երիտասարդ էի, իսկ ինչպե՞ս կարող է հայ երիտասարդը չմասնակցել կռվին, եթե դրված է լինել-չլինելու և կորցնելու հարցը: Ես, առանց մտածելու, Մոսկվայից եկա Հայաստան և  մինչև 1993 թվականի մայիսը մասնակցեցի կռվին: Միշտ տղաներին ասում եմ, որ ես իրենց չափ չեմ կռվել, այդքան գործ չեմ արել, ինչքան իրենք: Ես հրշեջ ծառայության սպա էի: Խնդրեցի մեր վարչության պետին 75-80 օրով գնալ դիրքեր: Հետո ուզում էի նորից գնալ, այս անգամ թույլ չտվեց: Գնացի մահապարտների մոտ, որպեսզի նրանց հետ գնայի կռվի՝ այն էլ ուշացել էի. ջոկատը երկու օր առաջ էր մեկնել դիրքեր: Էական չէ՝ 100 տարի ես գնացել, թե 1 օր: Եթե մեր հայերից ամեն մեկը թեկուզ մեկ փամփուշտ կրակի հակառակորդի վրա՝ սա արդեն իսկ հաղթանակ է:

-Ո՞րն էր ամենամեծ դասը, որ Ձեզ տվեց պատերազմը:

-Մտածելակերպս փոխվեց: Պատերազմից հետո զինակից ընկերներիս հետ ավելի մտերմացա: Գիտե՞ք, սա հետաքրքիր երևույթ է՝ ազատամարտիկներին, կռվից հետո, մի բան է միավորում. նրանք դառնում են մի մարդ: Մենք կապված ենք հոգեբանորեն, բնավորությամբ, ի վերջո, նույն նպատակի համար ենք կռվել և իրար հետ նույն օրերն ենք ապրել:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք պատերազմական տարիներից:

— Դիրքերում հետաքրքիր բաներ պատահում էին: Ծիծաղելի իրավիճակներ էլ էին շատ պատահել: Կոբրայի դիրքերում էինք: Թուրքերը կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ: Մենք մեծ հրետանիով պատասխան կրակ բացեցինք, որից հետո մի որոշ ժամանակ թուրքերի կողմից ձայն չկար: Որոշեցինք հաց ուտել: Ճաշն արդեն պատրաստել էինք: Երբ սկսեցինք ուտել, թուրքերը նորից սկսեցինք կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Հիշում եմ, մեզ մոտ Յուրա անունով մի տղա կար, լավ գեր էր, ուտել էլ շատ էր սիրում: Ամեն մեկս մի կողմում թաքնվեցինք, մեկ էլ զգում եմ, որ մեր տղաներից մեկը հետ-հետ է գնում: Նայեմ տեսնեմ՝ Յուրան նրա ոտքերից բռնած հետ է քաշում: Ասում եմ` ի՞նչ ես անում, թուրքը կրակում է, նա էլ թե` էլի հաց տվեք, սոված եմ մնացել: Պատկերացնո՞ւմ եք այդ նեղ իրավիճակում փոսից քաշելով հանում էր ընկերոջը, որ նորից հաց տա:

-Ձեզ զինակիցների շարքում եղե՞լ են մարդիկ, ովքեր հիմա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն են ծավալում:

-Չէ, իմ զինակիցներից ոչ-ոք նման շահ չէր հետապնդում: Մենք բոլորս գիտեինք ինչու ենք գնացել կռվի: Մեզ հետագա պաշտոններն ու գործունեությունը չէր հետաքրքրում: Մենք երբեք չենք մտածել դիրքերում եղած տարիներն օգտագործել կարիերայի համար:

-Պետությունից որպես ազատամարտիկ աջակցություն ստացե՞լ եք:

-Թոշակ եմ ստանում 5000 դրամ, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ էլ որոշակի պարգևներ եմ ստացել և, իհարկե, մեդալներ: Մեդալն ինձ համար գնահատական է:

-Մի քիչ կպատմե՞ք Ձեր երեխաների մասին:

-Երկու տղա ունեմ: Փոքր տղաս 17 տարեկան է, մեծս` 20: Նա նոր է եկել բանակից և հիմա սովորում է ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման պետական ակադմեիայում:

-Ի՞նչ կմաղթեք սահմանը պահող մեր զինվորներին:

-Անփորձանք լինեն, զգույշ և կյանքում թուրքին չվստահեն:

-Շատ ազատամարտիկներ երբեմն պատմում են, որ սահամանից սահման հակառակորդի հետ են խոսել, և թուրքերի մեջ էլ եղել են մարդիկ, որոնց հետ ընկերական հարաբերություններ են հաստատել: Չե՞ք կիսում նրանց կարծիքը:

-Ինձ հետ նման բան չի պատահել: Ես դիրքերից ռադիոկապով ուկրաինացի կին դիպուկարահներին եմ փորձել կոչ անել չկրակել մեր ուղղությամբ: Ես նրանց փորձում էի բացատրել իրավիճակը և ասում էի, որ սխալ ճանապարհի վրա են: Նրանք բացատրում էին, որ իրենց արձակած փամփուշտները մեզ չեն կպնում, այլ պարզապես թռչում են կողքով: Իսկապես դրանք մեզ չէին կպնում, բայց կրակելը ճիշտ չէր:

 image (3)

Վարդուհի Ստեփանյան