տուն Լուրեր Սեֆիլյանն առաջնագծում չի եղել, բայց ուշագրավ հայտարարություն է անում

Սեֆիլյանն առաջնագծում չի եղել, բայց ուշագրավ հայտարարություն է անում

126
0

JIRAYR-SEFILYAN-529x375

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել:  Նա նախ նշեց, որ ապրիլյան պատերազմի սկզբում հայտարարվում էր, թե հայկական կողմն ունի դիրքային կորուստներ, մինչդեռ իշխանությունները հերքում էին: «Ապրիլյան դեպքերի առաջին օրերից բոլորս նկատեցինք, որ մենք ունեցել ենք դիրքային կորուստներ, հիշում ենք՝ այդ օրերին, երբ բարձրաձայնվում էր, որ պետք է անմիջապես կորցվածը առնվազն հետ վերցվի, գործող ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակներով խոսում էին և փորձում արդարանալ՝ ասելով, որ ընդամենը մի քանի հարյուր մետր քառակուսի ունենք կորցրած՝ 200 մետր հյուսիսից, 300 քառ. մետր հարավից»,- ասաց Սեֆիլյանը:  Նրա խոսքով իրենք առաջին օրվանից տեղյակ են եղել, թե ինչ է կատարվում առաջնագծում, եւ թե որքան կորուստներ ունի հայկական կողմը:  Ըստ Սեֆիլյանի՝ այս ընթացքում իրենք հորդորել են ՊՆ-ին, անձամբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ ներկայացնել հանրությանն իրականության մասին:  « Որովհետև այն, ինչ իրականում կա, աշխարհի համար պարզ է, հակառակորդի համար ևս պարզ է, միակ անտեղյակը իրականությունից մեր ժողովուրդն է: Մենք հորդորել ենք նրանց, որ լավ կլիներ՝ ճշմարտությունն իրենք ասեն՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե երկար լուռ մնան, մենք ենք ասելու իրականությունը»,- նշեց Սեֆիլյանը:

Ապա նա ներկայացրեց իր խոսքով հյուսիսարեւելյան հատվածում հայկական կողմի կրած կորուստների մասին: Այս տեղեկությունները, թե որտեղից են ձեռք բերվել Սեֆիլյանը չնշեց: «Իրենք ասում էին՝ 500 մետր քառակուսի, շատ լավ է, որ մետրերից էին խոսում, բայց ցավալին այն է, որ միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 մլն մետր քառակուսի կորուստ, այսինքն՝ 7 կմ քառակուսիի մասին է խոսքը: Ումի՞ց են թաքցնում այս իրականությունը: Եթե այս վիճակը մենք շարունակենք հանդուրժել, այսինքն՝ առնվազն մեր կորցրած դիրքերը հետ չբերենք, մեր նահատակների զոհողությունն այս քաղաքական ղեկավարությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Այստեղ մեղքը բանակինը չէ, բանակն ամեն օր սպասում է: Մեր մարտունակ ստորաբաժանումները հերթ են կանգնած, թե ով պետք է այդ գործողությունն իրականացնի, որը շատ հեշտ է մեզ համար: Ինչքան ուշացնենք, այնքան դժվարանալու է մեր գործը»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:  Նրա խոսքով հայկական կողմը եւս կարող է դիրքեր գրավել, բայց խնդիրը դրանք պահելու մեջ է:

Սեֆիլյանը հայտարարեց, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը վախկոտ ու դավաճան է եւ նման հրաման չի տալիս: «Մենք շաբաթներ շարունակ լռել ենք, բայց այլեւս լռել չենք պատրաստվում»,- նշեց նա:

Սեֆիլյանի խոսքով համազգային մոբիլիզացիա է պետք, հակառակորդին ծնկի բերելու համար: Նա ասաց, թե մոբիլիզացիա տեղի չի ունենում, որովհետեւ չկա վստահություն իշխանությունների նկատմամբ:  «Մենք մնալու ենք Արցախում եւ Հայաստանում, ոչ ոք չկարծի, որ հայերը պարտվելու են»,- նշեց  նա: Սեֆիլյանն ասաց, որ շնորհիվ իր ունեցած կապերի՝ տեղեկատվությանը տիրապետում է, բայց առաջնագծում այս ընթացքում չի եղել: