տուն Լուրեր Սեւերես չլինելու քաղաքականություն, ոչ թե «ե՛ւ-ե՛ւ»-ի

Սեւերես չլինելու քաղաքականություն, ոչ թե «ե՛ւ-ե՛ւ»-ի

84
0

«Նախկին համաձայնագրի եւ ներկա համաձայնագրի մեջ էական տարբերություններ կան: Նախորդ համաձայնագիրը ասոցացման համաձայնագիր էր, որը նշանակում է ինստիտուցիոնալ, այսինքն` կառուցվածքային համագործակցություն, իսկ սա գործընկերության մասին համաձայնագիր է, որը հաշվի է առնում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի մեջ գտնվելու իրողությունը: Այսինքն` սա բոլորովին այլ փաստաթուղթ է»,- Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ «խանդոտ» Մոսկվան այս անգամ համաձայնեց, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Հայաստանը  բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու շուրջ, սակայն 2013 թվականին Սերժ  Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ու ստորագրեց ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու պայմանագիրը:

Զուգահեռներ անցկացնելով ներկա եւ նախկին փաստաթղթերի միջեւ` Պապյանն ասաց, թե նախկինը հնարավորություն էր տալիս 5 միլիարդի տնտեսական պայմանագիր կնքել, ինչը կարող էր Հայաստանում տնտեսական աշխուժացում բերել, որն էլ իր հերթին կհանգեցներ ռուսական ազդեցության թուլացման, ներկա փաստաթուղթը նման կետեր չունի: «Պարզապես ցանկ է, թե որ ուղղություններով կարելի է խորացնել  եւ ընդլայնել տարբեր համագործակցություններ: Շատ բան կախված կլինի մեր իշխանությունների հետեւողական աշխատանքից, բայց ինքնին փաստաթղթի ստորագրումը չի նշանակում, որ անպայմանորեն դա պետք է իրականացվի, դա կարող է ստորագրված եւ օդում մնացած փաստաթուղթ մնալ, ինչպիսին մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր»,- ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետը գտնում է, որ  փաստաթղթային «բախում» չի լինի, քանի որ ԵՄ-ն Հայաստանի հետ ստորագրվելիք նոր փաստաթուղթը կազմել էր այն ժամանակ, երբ Հայաստանն արդեն իսկ ԵԱՏՄ կազմում էր: «Փաստաթղթային առումով որեւէ խնդիր չկա, ուրիշ բան, որ իրականացման պահին ԵԱՏՄ-ն տարբեր խնդիրներ առաջացնի: Օրինակ` այնտեղ մեր համաձայնագրով կա մրցակցության համար ազատ, բարենպաստ պայմաններ ստեղծել, հիմա եթե մենք սկսենք այդ պայմանները ստեղծել, ԵԱՏՄ-ն կարող է ասել,  չէ՞, գիտե՞ս` մենք իրար հետ նույն միության մեջ ենք, դու պետք է մեզ արտոնություններ տաս եւ այլն, միշտ այդ սահմանափակումները կարող է դնել»,- ասաց Ա.Պապյանը:

Նկատենք, որ երբ Բրյուսելում ստորագրվեց համաձայնագիրը, իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ հայտարարում էին, թե  Սերժ Սարգսյանի «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունն է կյանքի կոչվում, որ Եվրոպան իր դռներն է բացում  Հայաստանի առաջ: Քաղաքագետ Արա Պապյանը նշում է. «Սա «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականություն չէ: Այդ ժամանակ պետք է լիներ համարժեքություն: Սա ցանկությունների համաձայնագիր է: Այս փաստաթուղթը, որպեսզի լիարժեք ընդունվի, պետք է ԵՄ-ի 28 անդամ երկրները վավերացնեն, սա առնվազն երկու տարի կտեւի, այդքան արագ չի լինելու այդ ամբողջը: Ես կարծում եմ` այստեղ նաեւ խորամանկություն կա: Հունվարի 1-ից Հայաստանի տնտեսական վիճակը էլի է վատանալու, քանի որ ԵԱՏՄ-ի տարբեր մաքսային դրույքաչափեր են ուժի մեջ մտնելու, եւ տարբեր պահանջներ, որոնք բերելու են շատ բաների թանկացման: Հիմա ժողովուրդը հո չգիտի՞, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի սկսելու աշխատել, ինքը կտեսնի հունվարից վատացումը, կասի` տեսա՞ք, ստորագրեցինք, մեկ ա, ավելի վատացավ: Ժողովուրդը, իհարկե, շատ էլ բան պարտավոր չէ: Կամ ասում է` բա ե՞րբ ենք առանց վիզայի Եվրոպա գնալու, խոսքը գնում է իրականում վիզայի հեշտացման մասին, բայց ժողովրդին թվում է` ստորագրեցին, վաղը կարող են ազատ գնալ  Եվրոպա, չէ՛, այդպես չէ»,- ասաց Ա. Պապյանը:

Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ` ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ձեռնտու էր երկու կողմին էլ: «Ամերիկացիք մի խոսք ունեն, կոչվում է` «երեսը փրկել», այսինքն` սեւերես չլինելու քաղաքականություն է երկուսի կողմից` ե՛ւ ԵՄ-ի, որը բանակցել էր եւ չէր ստորագրել, ե՛ւ Հայաստանի: Երկուսն էլ, այսպես ասած, սեւերես չեղան, ասել, որ լավ չէ, սխալ կլինի, բայց ակնկալել, որ այս փաստաթուղթը կարող է հակակշռել Ռուսաստանից ունեցած կախվածությունը, ճիշտ չի լինի»,- եզրափակեց Արա Պապյանը:

Փայլակ Ֆահրադյան