տուն Լուրեր Սեւանա ջուրը վաճառում են ՀԷՑ-երի՞ն

Սեւանա ջուրը վաճառում են ՀԷՑ-երի՞ն

183
0

daa5ab7f598d

ՀՀ բնապահպանության նախարարությունը, արձագանքելով  «ԷկոԼուրի» ահազանգին, թե սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով՝ 1900.34 մետրից դառնալով 1900.24 մետր՝ երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ 10-ից 4 սանտիմետրն իջել էր Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումից, իսկ «լճի մակարդակի ևս 6սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ: 2015 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ, Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.24մ, ինչը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի (1900.17մ) համեմատությամբ ավելի է 7սմ-ով:

Բնապահպան Սիլվա Ադամյանը բավականին զարմանալի ու տարօրինակ է համարում Արամայիս Գրիգորյանի ղեկավարած կառույցի տարածած հաղորդագրությունը: Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սեւանա ջրի «գոլորշացիմանը», բնապահպանը նկատեց.«Չի բացառվում ջրի օգտագործումը ՀԷՑ-երի կողմից: Մեկ ու կես տարի առաջ դեռ այդ  խնդիրը բարձրացրել ենք, հանդիպում ենք ունեցել նաեւ Սեւան կասկադի տնօրինության հետ, եւ մեր մասնագետները փորձել են ապացուցել, որ ջուրը, որը բաց է թողնվում Սեւանա լիճ, այն անպայման անցնում է այդ կասկադի միջով, եւ հավելյալ էլեկտրաէներգիա են ստանում: Մենք կարծում ենք, որ դրա հետ է կապված խնդիրը»:

Սիլվա Ադամյանը բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունը անհեթեթություն է որակում, եւ գտնում է, որ այն պատիվ չի բերում այդ կառույցին: «Խախտվում է ֆիզիկայի բոլոր օրենքները, այնտեղ ասվում է, թե իբր ջուրը գոլորշիանում է, բայց եկեք հասկանանք, ինչի հաշվին պետք է  գոլորշիանա, եթե ամբողջ ամառվա ընթացքում  ջերմաստիճանը բավականին բարձր է եղել, ջերմաստիճանը հասել է 40-41 աստիճանի, որի  ժամանակ նման նախադեպ չի եղել, իսկ սա այն պարագայում, երբ որ Սեւանից ջուր էր բացթողնվոմ ոռոգման  համար»,- ասաց բնապահպանը, հավելելով, որ իրար հակասող հայտարարություններ են հնչում:

Սիլվա Ադամյանն ասում է, թե բնապահպանության նախարարության պարզաբանումը լուրջ չի  կարելի համարել: Ստեղծված իրավիճակում, ըստ բնապահպանի, իր մեղքի բաժինն ունի նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն:«Այն, որ լճի մակարդակն իջել է, որոշ պատկան մարմիններ էլ փորձում են դա ծածկել: Ոչ միայն բնապահպանության նախարարությունն է պատասխանատու այս ամենի համար, մենք ունենք Սեւանի հանձնաժողով, պարապուրդի է մատնված այդ հանձնաժողովը», ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը խորհուրդ է տալիս բնապահպանության նախարարությանը նման պարզաբանումներ չներկայացնել: Ըստ բնապահպանի, ավելի լավ կլիներ, որ հիշյալ նախարարությունը հայտարարեր, թե տեղյակ չէ, եւ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարեր: