Հանրության շրջանում կարծիք է ձևավորված, որ դատախազությունը ոչ թե հանցագործության բացահայտմանը նպաստող մարմին է, այլ հանցագործության կոծկմանը նպաստող: ԱԺ-ում «Դատախազության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կատարել այս օրենքում, որ դատախազությունն ի վերջո ՀՀ-ում դադարի հանցագործություններ կոծկել»,- նշեց Փաշինյանը։
Որպես օրինակ նա հիշատակեց «Զիբիլիքսի» գործը, որը, նրա խոսքով, փաստեր էր պարունակում առ այն, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքի համակարգված մեխանիզմներ է գործարկել։ Փաշինյանը նշեց, որ թե՛ դատախազությունը, թե՛ ՀՔԾ-ն հրաժարվել են փաստերը պատշաճ համադրելուց, պնդելով, որ նախաքննության արդյունքում պարզվել է՝ դա հավաքի միջոցառման ցուցակ է եղել։ «Պետք է պարզվեր` սա հավա՞ք ա, զորահավա՞ք ա, դրամահավա՞ք ա, թե՞ ընտրակաշառքի հավաք ա։ Օրը կա, ժամը կա, հեռախոսի համարը կա, Արաբկիրի ոստիկանությունից դուրս ա եկել ֆաքս, ու ոստիկանությունը չի ուզում պարզի, թե էս ցուցակը էդ ֆաքսից ո՛ր ֆաքս ա գնացել։ Մենք ասում ենք, որ սա ՀՀ նախընտրական շտաբ է գնացել, ու սա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատողների անհատական տվյալներով ՍԱՍ սուպերմարկետի ախռանայի պետին ֆաքս ա անում, իսկ դատախազությունը` դատախազի գլխավորությամբ, աչքերն էլ ա փակում, ականջներն էլ», — ասաց նա։
Հարցով հարակից զեկուցող Գևորգ Կոստանյանն արձագանքեց, թե Փաշինյանի ներկայացրած մտահոգություններից ոչ մեկը կապ չունի «Դատախազության մասին» օրենքի հետ։ «Էս օրենքը ընդունենք-չընդունենք, փոխենք-չփոխենք` սա կապ չունի։ Եթե «Դատախազության մասին» օրենք չլինի էլ, ձեր ասած բոլոր մտահոգությունները դրանով չեն փարատվում։ Դրանք բացառապես քրեադատավարական օրենքի կարգավորման առարկա են», — նշեց նա։