տուն Հասարակություն Մշակույթ Saryan Art World. Նոր ուղղությամբ արվեստի կենտրոն ՀՀ-ում մոսկվայաբնակ գեղանկարչից

Saryan Art World. Նոր ուղղությամբ արվեստի կենտրոն ՀՀ-ում մոսկվայաբնակ գեղանկարչից

216
0

Նկարել կարող են բոլորը, պարզապես պետք է նրանց բացահայտել ու ճիշտ ուղու վրա դնել: Այսպես է մտածում մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը, ում հիմնադրած արվեստի կենտրոնը վաղն իր դռները կբացի:

«Իմ նպատակն է՝ ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում, որն իրենից ներկայացնում է ձերբազատում կաղապարներից: Այն նկարչին ստեղծագործական ազատություն է ներշնչում՝ կտավին հանձնելու պահի զգացողությունները: Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից, այլ այն դրանց խոր ուսումնասիրությունից ստացած սինթեզ է»,- մեր թղթակցի հետ զրույցում շեշտեց Արթուր Սարյանը:


Արվեստի կենտրոնի՝ Saryan Art World-ի, բացմանն ընդառաջ՝ գեղանկարիչը Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում անվճար մաստեր կլաս անցկացրեց Հյուսիսային պողոտայում:
Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր, միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել:
Գեղանկարչի նախաձեռնած մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին:


Ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի ապագա արվեստագետները բացահայտեցին իրենց:
Գեղանկարչի խորհուրդներին հետևելով՝ մասնակիցները րոպեների ընթացքում նկարեցին իրենց պատկերացումների աշխարհը:

«Հետաքրքիր ձեռագրով մարդիկ մասնակցեցին մաստեր կլասին: Լավագույն նկարները նկարեցին երեխաները: Արվեստի աշխարհը կախարդանք է, և այնտեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից»,-ասաց գեղանկարիչ Արթուր Սարյանը:

Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը, այլև նկարիչ, դիզայներ Անուշիկ Հովհաննիսյանը, ով ևս դասավանդելու է Saryan Art World-ում:


Նշենք, որ կենտրոնի բացումն ու առաջին դասը տեղի կունենան սեպտեմբերի 14-ին՝ ժամը15:00-ին, Երևանի «Մոսկվայի տանը»: Այն արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է հենց Արթուր Սարյանը, ով տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:


Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեստի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ բացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here