տուն Լուրեր Սարգսյանը չգիտի՞ կոռուպցիոներներին

Սարգսյանը չգիտի՞ կոռուպցիոներներին

115
0

serj2

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի ելույթը ուղղված էր բոլորին՝ սկսած շարքային քաղաքացուց մինչեւ ամենավերին օղակները: Ըստ նրա՝ Սարգսյանն ասում է, որ կան խնդիրներ, թերություններ: «Փորձում ենք հերոսաբար հաղթահարել նախկին իշխանությունների սխալները: Այն խնդիրները, որոնք կան, և երկրի նախագահը բարձրաձայնում է, պետք է ճիշտ գնահատել և հետևություն անել: Մենք երբեք չենք ասում, որ խնդիրներ չունենք, այո’, ունենք և դրա համար գնացինք սահմանադրական փոփոխությունների: Մենք պետք է հասկանանք, որ երկիրը լուրջ քաղաքական գործընթացի մեջ է մտնում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:  Նրա խոսքով՝ բոլորը պետք է հետեւություն անեն ելույթից: «Այսօր, երբ մի փաստաթղթի համար չինովնիկը նեղացնում է քաղաքացուն, ասում է՝ նախագահն է մեղավոր, սա է երկիրը: Դրա համար, ցանկացած պաշտոնյա պետք է այս ամենը վերլուծի: Մենք երբեւէ չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, ասում ենք, որ կան խնդիրներ, դրա համար մենք գնացինք Սահմանադրական փոփոխությունների»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նկատում է՝ Սարգսյանը խոսում է,  հարցադրումներ անում, բայց լուծումներ չի առաջարկում, իսկ ովքե՞ր են մեղավոր, ինչու՞ նրանց չեն  հեռացնում. «Հիմա սա հերթականն է, կասեն՝ պետք չէ ուշադրություն դարձնել: Պետք է պարզել, թե ովքեր են անհավասարություն ստեղծում երկրում, ովքեր են տնտեսությունը քայքայողները: Ժամանակն է թիմ ձեւավորելու, բայց ոչ թե համագյուղացիներով, այլ որակյալ իշխանություն պետք է լինի, որ կարողանանք դիմակայել մարտահրավերներին»,- ասաց Ազատ Արշակյանը: Ըստ նրա՝ բոլորին էլ հայտնի է, թե ովքեր են երկրի կոռուպցիոներները: «Ցուցակը կա, կանչեք, ասեք՝ որտեղից ձեզ այդ ունեցվածքը: Կանչեք, ազգայնացրեք այդ գումարները»,- ասաց Արշակյանը:

Այս տեսակետի հետ համակարծիք չէր Սուքիաս Ավետիսյանը: Նա միեւնույն ժամանակ նշեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը ուղղված էր նաեւ որոշ անձերի: Հարցին, թե ի՞նչ արդյունք կտա նախագահի այս ելույթը, եթե նրա նախորդ ելույթներից հետո էլ  գրեթե ոչինչ չի փոխվել, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, որ թեև նախկինում նախագահը նման ելույթներ ունեցել է, սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանի քաղաքական համակարգն ունեցել է համակարգային խնդիր, և դրա լուծումը կտան սահմանադրական փոփոխությունները:

«Շատ չինովնիկներ կաշկանդված են լրատվությամբ, իրենք նախընտրում են՝ բան չանեն, որ չբարձրաձայնվի, քան թե մի բան անեն ու քննադատվեն»,- ասաց պատգամավորը։