Araratnews.am-ի զրուցակիցն է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Պարո՛ն Սարգսյան, Ջերմուկ քաղաքում արտահերթ ընտրություննե՞ր են տեղի ունենալու:
Չգիտեմ, նման բան չկա:
Խոսակցություններ կան, որ Վայոց ձորի «բդեշխ», ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին ցանկանում է քաղաքապետ դառնալ:
Երբ որ առաջադրում լինի, այդ ժամանակ կիմանանք, ես հիմա ի՞նչ իմանամ` ցանկություն ունի՞, թե՞ ոչ: Վարչատարածքի փոփոխություն երբ որ լինի, եւ եթե լինի, օրենքով սահմանված կարգով ընտրությունը եթե լինի, առաջադրումների ժամանակ պարզ կլինի, թե ովքե՛ր են թեկնածուները, բայց դա ընդամենը դեռ խոսակցություն է:
Դո՞ւք էլ եք փաստորեն լսել, որ Արսենյանի որդին քաղաքապետ դառնալու ցանկություն ունի:
Դրանք ընդամենը խոսակցություններ են: Կարծիքներ են, դա օրենքով սահմանված կարգով պետք է լինի:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են մարզի Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն համայնքներն առանձնացնել Ջերմուկի ձախ ափից ու Կեչուտից։ Դուք ինքներդ կո՞ղմ եք նման բաժանման, քանի որ այդ համայնքները վերջերս էին միավորվել:
Սա քարացած օրենք չէ, տեսնում ենք` միգուցե ինչ-որ տեղ թերի բան ենք արել, սա չի կարելի, այս կարգով էղել է ու վերջ:
Իսկ ի՞նչ ընթացք ստացավ Վայոց ձորի մարզի Շատին եւ Արենի համայնքների բնակիչների բողոքի ակցիաները: Գյուղաբնակները չէին ընդունում ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Ակցիաներ էին կազմակերպել, բողոքարկում էին ընտրությունների արդյունքները: Այս պահին ժողովուրդը հանգիստ է:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի