Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լուրը հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դիտե՞լ եք Ֆրանսիայի հետ նախորդ խաղը, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչի՞ վրա է պետք աշխատել:
— Իհարկե դիտել եմ, հոյակապ հավաքական է, որն ունի որակյալ ֆուտբոլիստներ և արագ ֆուտբոլ է խաղում: Այդպիսի հավաքականների դեմ պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, 90 րոպե, հակառակ դեպքում այդ կարգի հավաքականները միշտ պատժում են: Այդ պատճառով տղաներին ասել եմ, որ պետք է պահել խաղային կարգապահությունը և առավելագույն նվիրվածությամբ խաղալ, քանի որ մենք հասկանում ենք՝ ով է մեր հակառակորդը: Եթե, ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար:
-Ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանի հավաքականի կազմում համեմատած Ֆրանսիայի հավաքականի հետ նախորդ տարվա հանդիպման:
— Փոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ, կային գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին, կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ, նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ:
— Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների կազմի շուրջ միշտ խոսակցությունները շատ են, ո՞վ է Ձեզ խորհուրդ տալիս կազմի ընտրության հարցում և ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ներքին առաջնության ակումբներից հավաքական մեծամասամբ հրավիրվում են «Փյունիկի» ֆուտբոլիստները:
— Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացնում է թեկնածուներին, քննարկում ենք, կարծիքներ լսում, բայց պարզ է, որ վերջնական որոշումը ես եմ կայացնում: Կազմի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ լինում են, և ցանկացած կազմի դեպքում կլինի դժգոհող կողմ:
Ինչ վերաբերվում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն, ես շատ կուզեի, որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց ես տեսնում եմ միայն լեգեոներներ: Իհարկե, դա ակումբի գործն է, բայց միևնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը, քանի որ ընտրություն չկա:
-Ինչո՞ւ Գեղամ Կադիմյանը չի արժանացել Ձեր ուշադրությանը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում լավ է խաղում:
— Կադիմյանի խաղը մենք տեսել ենք, լավ ֆուտբոլիստ է, գիտենք, որ նա համաձայնել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Աշխատանքները տարվում են, որպեսզի Կադիմյանին հրավիրենք ընկերական խաղի, որ տեսնենք, թե ինչպես իրեն կդրսևորի ազգային հավաքականների հանդիպումների մակարդակով:
Եթե նայեք ազգային առաջնության աղյուսակը, կտեսնք, որ «Փյունիկը» բոլորից շատ է գոլ խփել և բոլորից քիչ բաց թողել: Դա նույնպես խոսում է ֆուտբոլիստների մակարդակի մասին:
-Դանիայի հետ խաղից հետո Դուք ասեցիք, որ երկրորդ հենակետայինի խնդիր կա: Ռումյան Հովսեփյանը հիմա լավ մարզավիճակում է, ի՞նչ կասեք այդ մասին:
— Հովսեփյանը լավ ֆուտբոլիստ է, բայց այժմ մեզ ավելի շատ պետք է հենակետային կիսապաշտպան, ով լավ պաշտպանվում է և կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք, այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում, կարող են կատարել այդ խնդիրը: Եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը և նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը:
— Ալբանիայի հետ հանդիպումից հետո Դուք ժամանակավորապես գլխավորեցիք հավաքականը: Պատրա՞ստ եք շարունակել ձեր աշխատանքը հավաքականի հետ:
— Ես չէի ցանկանա գնահատական տալ իմ աշխատանքի վերաբերյալ: Գնահատականն իմ աշխատանքի համար տալիս է ՀՖՖ նախագահը: Ես անում այն, ինչ կարող եմ անել և օգտակար լինել մեր հավաքականին: Մնացել է ընդամենը երկու խաղ, և գնահատական կլինի՝ բավարար կամ անբավարար: