տուն Լուրեր Սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման կարգի կիրարկումը. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

Սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման կարգի կիրարկումը. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

141
0

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը եւ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ կարգի կիրարկումը:

Նրանց հայտարարությունում ասվում է.

«Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր խնդիրների մի հսկայական բազմություն է առաջադրել նորընտիր վարչապետի եւ կառավարության առջեւ: Լուծման անհրաժեշտություն ունեցող այդ խնդիրներն ունեն հրատապության տարբեր աստիճաններ:

Ուզում ենք առանձնացնել դրանցից մեկը:

Խոսքը ուսանողների տարկետման իրավունքին վերաբերող վիճահարույց  օրենքի մասին է: 2017 թվականին ներկայացված այդ նախագիծն  առաջացրեց գիտակրթական համակարգի մի շարք ճանաչված մասնագետների լուրջ առարկությունը, ինչպես նաեւ հանգեցրեց ուսանողության ստվար զանգվածի ցույցերի, դասադուլների, նույնիսկ հացադուլների: Արդյունքում, նախորդ կառավարությունը ներկայացրեց նոր որոշում` «Գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի» մասին`առավել խճճելով իրողությունը եւ, ըստ էության, քիչ տարբերվելով նախորդից:

Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի, հատկապես բնագիտական եւ ճարտարագիտական թեւերի, ապագայով մեկ անգամ եւս ուզում ենք ընդգծել.

Գիտակրթական համակարգի բնականոն զարգացման համար անգնահատելի է կրթության անընդհատ շարունակականությունը, եւ տարկետման իրավունքի կտրուկ սահմանափակումը կարող է անդառնալի հարված հասցնել համակարգի ինքնավերարտադրմանը եւ հանրապետության գիտատեխնիկական զարգացմանը, կրկնենք, հատկապես բնագիտական եւ ճարտարագիտական թեւերին, որը հենց այդ գիտատեխնիկական զարգացման հենքն է:

Զորակոչից տարկետում տալու վերաբերյալ N 451-Ն որոշումը ընդունված է առանց մասնագետների հետ լայն քննարկման, խրթին է եւ հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` նորընտիր վարչապետին եւ կառավարությանը առաջարկում ենք.

սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ կարգի կիրարկումը,

մեկ տարով վերականգնել տարկետման իրավունքի տրամադրման նախորդ կարգը:

Այս քայլերի իրականացումից հետո մեկ անգամ եւս անդրադառնալ նման վիճահարույց օրենսդրական նախաձեռնությանը պաշտպանության նախարարությունից բացի, առաջին հերթին, կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների, գիտակրթական համակարգի համար պատասխանատու մասնագետների լայն զանգվածների ներգրավմամբ: