Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց նախարարության ծրագրերից: Նախարարն ասաց, որ հանգստյան օրերին ճանաչողական եւ աշխատանքային այցեր է իրականացնում հանրապետության համայնքներ, ծանոթանում համայնքների խնդիրներին:
Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքների հողի եւ գույքի օտարման միասնական առցանց տեղեկատվական հարթակի ու համայնքների անձնագրերի կազմման գործընթաց: Վարչապետի հանձնարարականով նախարարը պարբերաբար այցելում է ՀՀ տարածքի ջրամբարներ՝ ՀՀ ջրային ռեսուրսների հետագա օգտագործման արդյունավետ ուղիներ գտնելու նպատակով:
Պաշտոնավարման ժամանակ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Ճապոնիայի, Իրանի, Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպանների, Մեծ Բրիտանիայի գործարար պատվիրակության, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ:
Նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրմամբ, բարձրացված խնդիրների արագ արձագանքմամբ:
Գործադիր մարմնի անդամն ասաց, որ իրենց նպատակն է մարզերում ներդրումներ ներգրավել, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր իրականացնել:
Նախարարն ասաց, որ «Սանիթեք» ընկերությունն առաջիկայում նոր մեքենաներ կներկրի Հայաստան: Նրա խոսքով՝ աղբատար հինգ մեքենաներն այս պահին Վրաստան-Հայաստան սահմանին են: «Քանի որ ընկերությունը խախտել է պայմանագրի մի քանի կետեր, ու որպեսզի մենք Երեւանի տոնի համար խնդիրներ չունենանք, քննարկել եմ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ, անհրաժեշտության դեպքում նոր տեխնիկա ներգրավել»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Սոնա Դավթյան