Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի ոստիկանությունը նախագահի թեկնածու, ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 35 մարդու: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի քանի հազար մարդ ցույցի է դուրս եկել Սան-Դիեգոյի փողոցներ ՝ քաղաքական գործչի դեմ, ով այնտեղ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ էր ունենում: Արմենպրեսի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի& raquo;-ն գրում է, որ բողոքի ակցիան սկզբում խաղաղ բնույթ էր կրում, սակայն ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաալիքը, Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ տեղի ունեցան: Արդյունքում, ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել մահակներ և պղպեղի տարաներ:
Սան Դիեգոյի ոստիկանության Twitter –ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 35 մարդ: Սեփականությանը վնաս չի հասցվել, վիրավորներ չկան: The Los Angeles Times-ն իր հերթին գրում է, որ առնվազն 18 մարդ դիմել է բուժօգնության:
Ինքը՝ Թրամփը, Twitter –ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը «ֆանտաստիկ աշխատանք է կատարել՝ դիմագրավելով խուլիգաններին, ովքեր փորձում էին խափանել մեծ քանակությամբ մասնակիցներ հավաքած շատ խաղաղ միտինգը»: