տուն Լուրեր Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

115
0

samvel-babayan

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում:  Այս մասին Araratnews.am-ին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է՝ իրենց առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն ակնհայտ անհիմն որակելով: Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացվեց երեկ երեկոյան:

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատարին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր մարտի 22-ին` «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան տեղափոխելու կասկածանքով:

«Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Իգլա» համալիրի արձակման խողովակ՝ 9M39 հրթիռով։ Դեպքի առթիվ 2017 թ. մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

«Կատարված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»,- ասված էր ԱԱԾ հայտարարության մեջ: