Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բաբայանը նույն գործի շրջանակներում կալանավորված երկու անձանցից միայն մեկին է ճանաչում: Քալաշյանն ասաց, որ նրանցից մեկը եղել է Սամվել Բաբայանի մարտական ընկերը: «Ոչ մեկի հետ` ո՛չ իր մարտական ընկերոջ, ո՛չ էլ որեւէ այլ անձի հետ Սամվել Բաբայանը այդ զենքը ձեռք բերելու կապակցությամբ որեւէ գործողություն չի կատարել»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե առերեսում չի՞ եղել կալանավորված երկու անձանց եւ Սամվել Բաբայանի միջեւ, փաստաբանն ասաց, որ որեւէ առերեսում չի եղել, եւ նրանք որեւէ ցուցմունք չեն տվել Ս. Բաբայանի դեմ:
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոք` Սամվել Բաբայանի կալանավորումը փոխելու հարցով: Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ապա Քալաշյանն ասաց, որ այս պահին վաղ է այդ մասին խոսելը: «Ես առայժմ որեւէ հիմք չունեմ ենթադրություն անելու, որ սա ունի քաղաքական ենթատեքստ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ես հույս ունեմ, որ եթե նախաքննությունն օբյեկտիվ ընթանա, ապա շատ հարցերի պատասխաններ կտրվեն»,- ասաց փաստաբանը:
Միեւնույն ժամանակ Ավետիս Քալաշյանը տեղեկացրեց, որ իրեն ներկայացված ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար: «Նկատի ունեմ` այն նյութերը, որոնք միջնորդությանը կից ներկայացված են: Կա նախաքննական գաղտնիք, այն, ինչ ինձ հաջողվել է իմանալ, դրան ես տեղեկացել եմ միջնորդությանը կից ներկայացված նյութերից»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ առնչություն է ունեցել Սամվել Բաբայանը «Իգլա» տեսակի հրթիռի հետ, փաստաբանը նշեց, որ այսօր չի կարող փակագծերը բացել, բայց շեշտում է, որ Բաբայանի գործունեությունում հանցանք չկա: Նա նշեց, որ Սամվել Բաայանի ծիծաղն է առաջացրել տեղեկություններն այն մասին, թե իբր այդ զենքով խոցվելու էր բարձրաստիճան պաշտոնյաների ինքնաթիռը:
Փաստաբանն ասաց, որ ի սկզբանե Սամվել Բաբայանը ցանկացել է ցուցմունք տալ, բայց հարցրել է, թե ինչի մասին ցուցմունք տա: Քալաշյանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը անհիմն է, եւ Սամվել Բաբայանին պետք է ազատ արձակեն: «Եթե գործի վերջում մենք հիմնավորենք, որ մեղադրանքները շարունակեն մնալ, ապա այդ ժամանակ նոր կարելի է որոշակի կարծիք կազմել, այս պահին մենք նման հիմքեր չունենք»,- ասաց փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե Սամվել Բաբայանը համարո՞ւմ է իրեն քաղաքական բանտարկյալ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` Սամվել Բաբայանին կալանավորելով երկու ամսով:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերք, ռազմական տեխնիկա ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակներում: