Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Փաստաբանն ասաց, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատարին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր մարտի 22-ին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան տեղափոխելու կասկածանքով:
«Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Իգլա» համալիրի արձակման խողովակ՝ 9M39 հրթիռով։ Դեպքի առթիվ 2017 թ. մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
«Կատարված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»,- ասված էր ԱԱԾ հայտարարության մեջ:
Շողիկ Գալստյան