Կառավարութոյւնը ջանքեր է գործադրում Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ինչը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Մենք մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր պետք է անենք: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները զբաղվածության մեծ տոկոս են ապահովում՝ մոտ 90 տոկոս, ինչպես նաև ՀՆԱ-ի 70 տոկոս: Եվ այն ջանքերը, որ գործադրում է կառավարությունը, ուղղված են նրան, որպեսզի ամեն քաղաքացի կարողանա իր վրա զգալ դրական փոփոխությունները»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:
Հարցին, թե քաղաքացին ե՞րբ է զգալու այդ դրական փոփոխությունները, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե տնտեսական ինչ զարգացումներ կլինեն. «Հիմա դժվար է ասել, թե քանի տարվա ընթացքում դա տեղի կունենա: Կախված է տնտեսական զարգացումներից և կառավարության գործադրած ջանքերից՝ ուղղված երկրի տնտեսության զարգացմանը»:
Նախարարն անդրադարձավ նաև հարկային ստուգումներին՝ տեղեկացնելով, որ ստուգումների արդյունքում «Արմենթել» ընկերությունը տուգանվել է 4 միլիարդ դրամով, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը` 16 միլիարդ դրամով:
Լրագրողները Գագիկ Խաչատրյանից նաև հետաքրքրվեցին, թե Սամվել Ալեքսանյանին և Ալեքսանդր Սարգսյանին որքանո՞վ է հնարավոր եղել հարկել, նախարարն ասաց. «Միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տուգանվել և նրանցից գանձվել է 250 միլիոն դրամ»:
Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Սարգսյանին Գագիկ Խաչատրյանն արձագանքեց. «Որ ասեք Ալեքսանդր Սարգսյանը ի՞նչ բիզնեսներ ունի, կասեմ»: