Չինաստանում վաճառված երկու Galaxy Note 7 սմարթֆոնները միանգամից պայթել են: Սա Չինաստանում Samsung սմարթֆոնների առաջին միջադեպն է` հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Միևնույն ժամանակ ընկերությունում պնդել են, որ չինական շուկայում վաճառված սմարթֆոններում օգտագործվել են չինական ընկերության մարտկոցներ: Մյուս երկրներում վաճառվող սմարթֆոնների մարտկոցները տրամադրել էր Samsung ընկերության դուստր ձեռնարկությունը՝ նրանք մատակարարել են մարտկոցների մոտավորապես 70%-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, մի քանի տասնյակ միջադեպերից հետո, երբ Samsung Galaxy Note 7-ները պայթել էին լիցքավորելիս, ընկերությունը հրապարակավ դրանք վտանգավոր էր համարել: Samsung-ը դադարեցրել է վաճառքը և հայտարարել, որ բոլոր սմարթֆոնները, անկախ ձեռք բերելու ժամանակից և երկրից, անվճար կփոխարինվեն:
Սեպտեմբերի 19-ից հարավկորեական Samsung Electronics ընկերությունը Հարավային Կորեայում սկսել է փոխարինել Galaxy Note 7 սմարթֆոնը` կապված բոցավառվելու մասին հաղորդումների հետ: