Էլէներգիայի սակագնի թանկացման հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից պետք է դիտարկել, թե ինչ ազդեցություն կունենա թանկացումը բնակչության վրա, մյուս կողմից էլ պետք է հասկանալ, թե ինչ ազդեցություն այն կունենա տնտեսության վրա:
«Սովորական սպառողին չի հետաքրքրում, թե ինչ ծախսերի համար է ՀԷՑ-ը ուզում բարձրացնել սակագինը, որովհետև սպառողն ուզում է հնարավորինս քիչ վճարել, իսկ էլէներգիան տնտեսության այն ճյուղերից է, որն ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, ուստի սակագնի թանկացման դեպքում ոչ մի ոլորտ դուրս չի մնա բացասական ազդեցությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետն ընդգծեցˋ փորձագիտական շրջանակներում սակագնի թանկացման հարցը քննարկվում է հետևյալ տրամաբանությամբˋ արդյոք ՀԷՑ-ի ներկայացրած բոլոր ծախսերը պետք է ներառվեն սակագնի մեջ: Ըստ բանախոսիˋ ՀԷՑ-ը չի կարողանա նշված բոլոր ծախսերը արդարացնող պատճառաբանություն գտնել:
Մենեջմենթի կապակցությամբˋ էլէներգիայի ոլորտում աշխատավարձերի ցուցանիշները երրորդն են, Հայաստանում տրվող աշխատավարձերի մեջ երրորդ տեղում էլէներգիայի ոլորտի աշխատողներն են, այլ խնդիր է թե ինչքան աշխատավարձ է տրվում մենեջերներին և սովորական աշխատակիցներին:
Անդրադանբալով սպառողների վարքագծին՝ տնտեսագետը նկատեց, որ սպառողները սկսում են կրճատել իրենց ծախսերը: Համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետˋ բանախոսն ընդգծեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սպառման ծավալները 8 %-ով նվազել են.
«Էլէներգիայի գնի թանկացման ֆոնի վրա ակտիվանում են այն վարկ տվողները, ովքեր ցանկանում են վարկեր տրամադրել էլէնեգիայի խնայման համար: Այս ամենը փոխկապակցված է: Սա լրացուցիչ ներդրումների պահանջ կառաջացնի»,- նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է էլէներգիայի այլընտրանքային աղբյուրներին, ապա տնտեսագետը նշեց, որ արևի և քամու միջոցով էներգիա ստանալը տարիների աշխատանք է պահանջում, բացի այդ էլ թանկ է և հիմա մեր հասարակությունը չունի ռեսուրսներ կարճաժամկետ հատվածում այս հարցը լուծելու համար: