Ենթադրվում է, որ առաջիկայում սահմանին իրավիճակն ավելի կլարվի: Վերլուծելով վերջին երկու ամիսների ընթացքում տիրող իրավիճակը եւ նաեւ ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դինամիկան՝ նկատելի է դառնում, որ հնարավոր են ավելի մեծ սրացումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Ադրբեջանական կողմն օգտագործում է խոշոր տրամաչափի զենքեր ե՛ւ հայ-ադրբեջանական հատվածում, ե՛ւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում: Գնդակոծվում են խաղաղ բնակավայրեր: Այս իրավիճակում պետք է բոլոր ուժերը համախմբենք, այդ թվում՝ խորհրդարանական տարբեր ճակատներում կռիվ տալու համար»,- նշեց հանձնաժողովի նախագահը:
Նահապետյանն ասաց՝ կլինեն ոչ միայն պատասխան գործողություններ, այլ նաեւ հայկական կողմը նախահարձակ կլինի:
Նա պնդեց, որ բանակցային գործընթացը չի կարող վտանգվել Սերժ Սարգսյանի հայտարարությունից. «Բնականաբար, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության նոր երաշխավորն է: ՀՀ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իրականացնում է իր առաքելությունը»:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»: