Սահմանային լարվածության մեջ իրենց մեղավորությունն ունեն երկու կողմերի ղեկավարներն էլ: Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում, սահմանի լարվածության մասին խոսելիս, ասաց Ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանը:
«Սահմանի լարվածության մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև տարածաշրջանի տարբեր ուժեր, որոնք անընդհատ փորձում են սադրել: Օրինակˋ Թուրքիան սադրում է Ադրբեջանին, վերջինս էլ լարված վիճակ է ստեղծում սահմանում: Լարվածությունը նաև կապված է Ցեղասպանության 100-ամյակի հետ: Այս առնչությամբ մեր իշխանավորները ողորմելի քաղաքականություն են սկսել. արշավներ, բողոքներ են կազմակերպում, թուրքերին արհամարհումˋ սեփական երկրում ոչինչ չունենալով: Երկրում պարկեշտության շրջանակներում ոչինչ չի արվում:
Թուրքիան հայտարարեց ինչ-որ հերոսամարտի մասին, և հիմա մեր իշխանավորներն ահազանգում են ԱՄՆ-ին, Ռուսաստանին, հորդորում այդ օրը մեր կազմակերպած միջոցառումներին գալ, այսինքնˋ նրանք ընդամենը տեր փնտրելու խնդրով են զբաղված: 100-ամյակը թամաշա սարքել պետք չէ, և բնական է, որ այդ ֆոնի վրա Ադրբեջանը պետք է ակտիվանար: Թուրքիան հիմա տարածաշրջանը թեժացնելու խնդիր ունիˋ 100-ամյակը ձախողելու նպատակով»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կգնահատի երեկ գիշերը Կարմրաղբյուրում խաղաղ բնակչի սպանությանը իր իսկ բնակարանում, ազատամարտիկը ընդգծեց, որ սա չի գալիս մեր բանակի թույլ լինելուց, այլ գալիս է իշխանությունների անողնաշար լինելուց, որի պատճառով նրանք չեն կարողանում համապատասխան որոշում կայացնել:
Վարդուհի Ստեփանյան