ԱԺ-ում Սահմանադրության նոր նախագծի շուրջ շարունակվող քննարկումների ժամանակ ԱԺ ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ԱԺ-ում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք սահմանի նման լարված իրավիճակում տեղի՞ն է քննարկել Սահմաանդրության նոր նախագիծը, որն ըստ էության իրավիճակը դեպի լավը չի փոխելու:
Ի պատասխան Պողոսյանը նկատեց, որ եթե նման իրավիճակում երկրի նախագահը չի վայելում պառլամենտական մեծամասնության աջակցությունը, ապա նրա գործունեությունը հավասար է զրոյի. «Նախագահն ունի պատասխանատվություն գործող Սահմանդրությամբ, բայց համապատասխան ռեսուրսներ ու լծակներ չունի այդ ամենն իրականացնելու համար: Հենց այդ պատճառով էլ համակարգը վատն է, որովհետև նման իրավիճակներում հնարավորություն չի ընձեռում դիմագրավելու դժվարություններին, որոնք հնարավոր են միայն՝ կառավարման ռեսուրսներն օգտագործելու դեպքում, ապա էլ ում է պետք գլխավոր գերագույն հրամանատար տիտղոսը» եւ հավելեց, որ այս շրջանում քննարկումները տեղին են:
Պողոսյանը շտապեց նաև փարատել Զոհրաբյանի մտահոգությունները Սահմանադրության նոր նախագծի 43-րդ հոդվածի հետ կապված, որով սահմանվում են հավաքների մասին ազատություններն ու սահմանափակումները: Պողոսյանն ընդգծեց՝ նոր նախագիծը գործող Սահմանադրության նման թույլատրում է հավաքներ և իրազեկումներ իրականացնել, միայն թե ի տարբերություն գործող Սահմանադրության, որով իրազեկում անցկացնելու համար տրամադրվում է երկար ժամանակահատված, ապա նորը կրճատում է այդ ժամանակահտավածը՝ այն ողջամիտ սահմանների մեջ դնելով: