Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ «իսկ դու պատահակա՞ն ես համարում, որ իմ ու քո նման մարդիկ այս պետությանը պետք չեն»: Ես չհամաձայնեցի՝ ասելով, որ բոլորս էլ պետք ենք՝ հացթուխն՝ իր տեղում, բժիշկը, ուսուցիչը, լրագրողն՝ իր: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ ուսադիրներ կրենք: Հատկապես հիմա, երբ սպասվում է հակառակորդի նոր, ավելի լայնամասշտաբ հարձակում, անձամբ ես կարծում եմ, որ իմ գործով օգուտ եմ բերում պետությանը: Բայց եթե պետք լինի, պատրաստ եմ անել ցանկացած բան՝ մինչեւ որ պատերազմի տեսանելի (չափից դուրս տեսանելի) վտանգն անցնի: Գիտեմ, որ շատերը (հատկապես վիրտուալ տարածքում եւ հատկապես Հայաստանում չապրողները) ինձ հետ համաձայն չեն՝ նրանք կտան իշխանավորների եւ հարուստների անուններ, որոնք իրենց (նաեւ ինձ) դուր չեն գալիս եւ կասեն՝ «սրանց պետության հետ ես ոչ մի գործ չեմ ուզում ունենալ»: Հասկանում եմ եւ չեմ պատրաստվում վիճել՝ պարզապես ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Այն մարդկանցից ոմանք, որոնք արտագաղթել էին այս 20 տարվա ընթացքում, ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ վերադարձել էին, որ կռվեն: Նրանք պատրաստ էին զոհվել ռազմաճակատում, բայց նրանք պատրաստ չեն ապրել անկատար հայրենիքում: Ինչո՞ւ: Ինձ թվում է՝ բացատրությունը պարզ է. խրամատում նրանք տեսնում են Հայոց պետությունը, այլ տեղերում նրանք ոչ մի պետություն չեն տեսնում: Նրանք տեսնում են ամբարտավան, տգետ, իրականությունից կտրված պաշտոնյաների, եւ այդ տեսարանն ամեն օր աչքի առաջ ունենալը ավելի ծանր փորձություն է, քան մի քանի օր կամ թեկուզ մի քանի շաբաթ թշնամու դեմ կռվելը: Դա էլ եմ հասկանում եւ չեմ պատրաստվում այս (ինչպես նաեւ որեւէ այլ) հարցով դատավորի դեր ստանձնել: Պարզապես ինձ թվում է, որ այս պահին խրամատը ոչ միայն Թալիշում է կամ Հադրութում: 21-րդ դարում պատերազմն ընթանում է տնտեսության մեջ, լայն իմաստով՝ մշակույթում, մարդկանց ուղեղներում: Եթե ուղեղը ամայի է եւ անմշակ, ապա այդպիսին կլինի նաեւ հողը, եթե այդպիսին է հողը, ապա, վախենամ, նույնպիսին կարող է լինել նաեւ դիրքը, խրամատը: Ամեն ինչ փոխկապակցված է: Ի վերջո, «դիրքը» կամ «հողը» ինքնանպատակ չեն, միակ եւ գերագույն նպատակը այդ հողի վրա ապրող Մարդն է, որն այսօր կանգնած է բնաջնջվելու, եղեռնի ենթարկվելու վտանգի առջեւ:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։