տուն Լուրեր Սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու

Սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու

109
0

Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների  շրջանակում շարունակվում են  ՀՀ   կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ  է անցկացրել  Վայոց Ձորի և Սյունիքի   մարզերի  դպրոցների  պատասխանատուների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարը  ներկայացրել է 2018-2019  ուսումնական տարվա  հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել   կրթության ոլորտում    նախարարության որդեգրած  սկզբունքային  մոտեցումները` շեշտելով, որ համակարգի  ապաքաղաքականացումը և կրթության որակի բարձրացումն առաջնային խնդիրներ են:  Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես կրթության ոլորտի ընդհանուր, այնպես էլ  Վայոց Ձորի և Սյունիքի մարզի առանձնահատկություններով պայմանավորված  հարցեր:

Նկատի ունենալով, որ երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում  սահմանամերձ համայնքներում են  գտնվում` նախարար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակումչի լինելու. «Մենք փոքր դպրոցների  զարգացման համար հեռանկարային ենք  համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը:  Դպրոցում կարող են կենտրոնացվել մի  քանի գործառույթներ`  նախակրթարան, դպրոց,գրադարան, մշակութային կենտրոն:  Սահմանամերձ գյուղում դպրոցը  բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է` սա կառավարության համարքաղաքական դիրքորոշում է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Պատասխանելով տնօրենների հարցերին` նախարարը նաև տեղեկացրել է,  որ վերանայվում է   դպրոցների ֆինանսավորման  բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից` ըստ դասարանների թվի:   Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը`  Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի  բյուջետային հայտի  մշակման  համատեքստում:

Խորհրդակցությունների ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում միասնական ընթացակարգով ավարտական  քննությունների կազմակերպման, մանկավարժների դրույքաչափերի ու տարակարգերի  վերաբերյալ, ինչպես նաև  հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի: