Մենք ողջունում ենք Կառավարության կողմից ընդունված օրենքը: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանըˋ անդրադառնալով «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» օրենքին:
«Վերջին ամիսների լարվածությունը մեծացել էր, Պաշտպանության նախարարի, վարչապետի, պատգամավորների, մարզպետի հետ հանդիպել ենք այցելությունների ընթացքում: Համայնքի ղեկավարների և ժողովրդի կողմից հնչել են առաջարկներ: Կարող ենք ասել, որ հարյուր տոկոսով չէ, բայց մասնակիորեն այս օրենքով լուծում է տրվում մեր խնդիրներին: Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ մեր ուսանողները ունեն շատ բարձր վարձավճարներ, և պետությունը 30 տոկոսվ է փոխհատուցում վարձերը: Բայց եղել են ուսանողներ, որոնք վարձավճարի համար դուրս են մնացել բուհ-ից»,-ասաց Սաղոյանը:
Նա առաջարկում է նաև սահմանամերձ համայնքներում ծնված, մեծացած երեխաներին ու մայերին նպաստ նշանակել:
«Կան մարդիկ, ովքեր վիրահատությունների համար գումար չունեն, բուժհաստատությունը հեռու է, և կառաջարկեմ որ ոչ միայն ադրբեջանցիների կողմից կրակոցների հետևանքով վիրավորված մարդկանց, այլև սոցիալապես անապահով խավերին, անչափահաս երեխաներին օգնություն տրամադրեն»,-ասաց Սաղոյանը: