ԱԺ նիստում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկմանը հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Վաղթանգ Միրումյանին հարց ուղղեց Արծվիկ Մինասյանը.
«Պարոն Միրումյան, մաքսային արժեքի որոշման ի՞նչ հերթականություն է սահմանվում ներմուծման դեպքում: Ինչպես նաև, սահմանամերձ գյուղերում՝ արդեն մաքսային սահման դարձած, վճարվող ԱԱՀ-ի համար կառավարության որոշումը ի՞նչ կերպով է իրականացվելու»:
Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ կիրառվելու է այն առաջնահերթությունը, որը սահմանված է մաքսային օրենսգրքով.
«Խոսքը վերաբերում է մասնավորապես գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման ընթացակարգին: Իհրակե, սա կիրառվում է առաջնահերթորեն, եթե պահպանված են այս մեթոդով որոշված մաքսային արժեքի ընդունման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և պայմանները: Այսինքն՝ այս մասով մենք մեր օրենքով որևէ կարգավորումներ անել չենք կարող. սա կարգավորում է մաքսային միության կարգավորումներով»:
Անդրադառնալով Մաքսային սահմանին՝ Վաղթանգ Միրումյանը հայտնեց.
«Մաքսային սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետաձգումը կառավարության գործունեության ծրագրային դրույթ է: Եթե հիշում եք, մենք վերացրեցինք ներդրումային մասով առկա սահմանափակումը՝ ԱԱՀ-ի հետաձգման մասով և ոչ թե հետաձգման հնարավորությունը վերապահեցինք միայն 300 միլիոն դրամից կամ 200 միլիոն դրամից ավել կատարած ներդրումային ծրագրերին, այլ առհասարակ, բոլոր ներդրումային ծրագրերին: Իհրակե, սա ևս մի քայլ է, որը բխում է կառավարության գործունեության ծրագրից: Այս դեպքում տեղի է ունենում մաքսային սահմանին ներկրված ապրանքի համար ԱԱՀ-ի վճարների հանում: Փաստացի սահմանին ԱԱՀ չի վճարվում»: