Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանամերձ մի քանի գյուղերում անցած գիշերը և այսօր առավոտյան խաղաղ է եղել: Այս մասին Araratnews.am-ին ասացին գյուղապետերը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ գիշերը գյուղում հանգիստ է եղել, բնակիչներն այս օրերի ընթացքում վնասներ կրել են, բայց` ոչ լուրջ:
Բարեկամավանում ևս երեկ և այսօր խաղաղ է եղել: Կրակոցներ չեն լսվել: Գյուղապետ Գագիկ Աբազյանն Araratnews.am-ին ասաց, որ այս օրերին գյուղի 35 բնակչից դիմում են ստացել, որոնց վնասների հատուցման համար պատրաստվում են դիմել մարզպետարան:
Նույնպիսի իրավիճակ է սահմանամերձ Չինարիում: Գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակիչները կրել են ոչ նշանակալի նյութական վնասներ, որոնք պետք է փոխհատուցվեն:
Այգեպար գյուղում ևս իրավիճակը հանգիստ է եղել: Անդրանիկ Այդինյանն ասաց, որ բնակիչներ չեն տուժել այս օրերի ընթացքում, միայն` տանիքներ, լուսամուտներ: