տուն Լուրեր Սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՅԴ-ի եւ Քոչարյանի տեսակետներն արմատապես տարբերվում են

Սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՅԴ-ի եւ Քոչարյանի տեսակետներն արմատապես տարբերվում են

177
0

աղվան վարդանյան

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեսակետն է արտահայտել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալˋ նշելով, որ դրանք երկիրը տանելու են դեպի լճացում և կործանում: Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին  Araratnews.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

Նա նշեց, որ ինքը միշտ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում հանրապետության երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, մինչդեռ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր մոտեցումն արմատականորեն տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի մոտեցումից: Վարդանյանի խոսքովˋ ՀՅԴ-ն համզոված է, որ կառավարման խորհրդարանական համակարգն ավելի լայն հնարավորություններ է բացելու երկրի զարգացման համար:

«Քոչարյանն իր խոսքում նշել է, որ այստեղ տեսնում է անցում միապետական կուսկացության, ինչպիսին կար խորհրդային ժամանակաշրջանում: Գուցե կան նման նշաններ, բայց վստահ եմ, որ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են: Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որում մի կուսակցության երկարատև մենիշխանությունը բացառված է: Կարծում եմˋ խորհրդարանական կառավարման համակարգը որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի հնարավորություն է տալու, հետևաբար ցանկացած մեծամասնություն ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ինչպես նաև քննարկել ու խորհդակցել ընդդիմության հետ: Կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք:»,-նշեց Վարդանյանը:

Սահմանադրական փոփոխություններն, ըստ մեր զրուցակցի, հանգեցնելու են նոր քաղաքական մշակույթի:

Խոսելով քաղաքական ուժերի անհավասարության մասինˋ Վարդանյանն ընդգծեց, որ այսօր խորհրդարանում առկա ընդդիմադիր քաղաքական ուժերը քիչ չեն, և ԱԺ-ում ներկայացված ընդդիմության ձայներն այնքան են, որ նրանք կարող են ապահովել առնվազն կոնստրուկտիվ քննարկում: «Եթե նրանք կքվեարկեն Հանրապետականի նման, այդ ժամանակ կմեղադրեք այն կուսակցություններին, որոնք իրենց պայմանական շահը չեն գիտակցում, քվեարկում են ուրիշի օգտին: Եթե ընդդիմությունը կպահի իրեն ընդդիմության նման ու իր շահերը կգիտակցի, ապա կունենանք շատ լավ Ընտրական օրենսգիրք: Չի գիտակցի՝ ուրեմն մեղադրեք նրանց, ովքեր դա չեն անում»,-եզրափակեց ՀՅԴ-ական գործիչը: