Սահմանադրության նոր նախագծի մեխը կառավարման համակարգի մոդելի փոփոխությունն է: Նման որակում սահմանադրական փոփոխություններին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Թվում է՝ կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին անցում կատարելը, պետք է գոհացնի ժողովրդին, մինչդեռ հասարակության շրջանում Սահմանադրության նոր նախագիծը, հատկապես կառավարման ձևի փոփոխմանն առնչվող հարցը դրական չընդունվեց:
Պատգամավորը շեշտեց՝ սա նոր Սահմանադրության վերջնական տարբերակը չէ, կան դրույթներ, որոնք ավելի հստակեցվելու կարիք ունեն: Աճեմյանը նաև անհասկանալի է համարում մի շարք կուսակցությունների՝ Սահմանդրության այս նախագծին դեմ արտահայտվելը:
«Մի քանի տարի առաջ շատ ընդդիմադիր ուժերն իրենք էին առաջարկում անցում կատարել խորհրդարանական համակարգին, իսկ հիմա կամ լռում են, կամ էլ՝ քննադատում: Ճիշտ է, այս եղանակով հասարակությունը մեկ ընտրության է գնում, բայց այսպիսով նաև զերծ է մնում ցնցումներից: Տարիների փորձը ցույց է տվել՝ նախագահական ընտրությունների արդյունքում և´ հասարակությունը և´ քաղաքական ուժերը ենթարկվել են ցնցումների, որոնցից այս համակարգը թույլ կտա խուսափել»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ երբ Սահմանադրության նոր նախագիծը քննարկվի ԱԺ-ում, ապա հաշվի կառնվեն բոլոր կողմերի պահանջներն ու առաջարկները: Բանախոսը շտապեց նաև հանգստացնել մտահոգվածներին, որ վերը նշված առաջարկները ձևական բնույթ չեն կրի:
Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա օրակարգ մտավ Սահմանադրական փոփոխությունների հարցը, պատգամավորը պատասխանեց՝
«Ոչ ոք չի կարող ասել, թե որ պահին են անհրաժեշտ Սահմանդրական փոփոխությունները: Երևի պահն արդեն հասունացել է: Արդեն երկու տարի է խոսում ենք այս մասին, հանձնաժողովի անդամները մարզերում էլ մի շարք հանդիպումներ անցկացրեցին բնակիչների հետ, կուսկացությունները ևս, իսկ հիմնական քննարկվող հարցը համակարգի փոփոխության հարցն էր:
Սա նաև արդիական է այն առումով, որ 2017 թվականին ԱԺ ընտրություններ են, իսկ 2018-ին նախագահը վայր է դնելու իր լիազորությունները, ուստի այս առիթը պետք է օգտագործել այս սահուն անցումն իրականացնելու համար»:
Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է պատգամավորը վերաբերվում Սամվել Ֆարմանյանի կողմից Սահմաանդրության նոր նախագիծը «հանգիստ հեղափոխություն» կոչելուն, Աճեմյանը նշեց.
«Հավանաբար նկատի է ունեցել հանգիստ իշխանափոխությունը: Երբ կառավարությունը վատ է աշխատում, կարող է հարուցել խորհրդարանի անվստահությունը և փոխվել: Սա սահուն իշխանափոխություն է, որը հեղափոխություն չէ, այլ պարզապես կոչված է հետ պահելու հասարակությանը ցնցումներից»:
Վարդուհի Ստեփանյան