Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, և նախագիծը լուրջ վտանգներ է պարունակում:
«Լուրջ վտանգներ կան և՛ կառավարման, և՛ մարդու իրավունքների բաժնում: Դատական համակարգը փոխանցելու ենք մեկ կուսակցության, բոլորս էլ շատ լավ գիտենք՝ որ կուսակցությանը: Մեկ կուսակցության ձեռքում ամբողջ իշխանությունը կենտրոնացնելը՝ այն էլ սահմանադրորեն, կոլապս է: Իրավական դաշտի լուրջ ցնցում է, որի իմաստը բացարձակ չենք տեսնում: Մենք առկա իրավական ակտերի կիրառման անհրաժեշտություն ունենք»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծին «ոչ» ասելու պատճառն այն է, որ, ի վերջո, արական փոփոխություններ չենք արձանագրի, առաջընթաց չի լինի, իսկ դա, ըստ նրա, հավասարազոր է մահվան։
«Դա իրավական դաշտի համար լուրջ ցնցում է, նույնիսկ հիմա լիարժեք չեն տիրապետում օրենքներին: Սա լրացուցիչ ցնցում կլինի, որի իմաստը մենք չեն տեսնում։ Մենք նոր Սահմանադրություն առաջարկողների հետ խոսակցության մեջ չենք մտնում: Ակնհայտ է, որ հանրաքվեն տեղի է ունենալու: Մենք պարզապես պետք է հասարակությանը տեղեկացնենք վտանգների մասով»,- նշեց Վարոսյանը: