Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը և ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը անդրադարձան նոր ընտրական օրենսգրքով առաջարկվող մի քանի կետի, մասնավորապես՝ ընտրացուցակների հրապարակմանը և ընտրատեղամասերում վստահված անձին 2/3 քվեարկությամբ դուրս բերելուն:
«Ես շատ կուզեի կենտրոնոնալ երկու կարևոր թեմաների վրա. դա ցուցակների չհրապարակելն է իշխանության կողմից, և ընտրատեղամասերում վստահված անձին 2/3 քվեարկությամբ դուրս բերելն է: Ես կարծում եմ, որ կարևոր են նաև ընտրացուցակները: Ընտրացուցակների չհրապարակման պարագայում վստահության մասին խոսելը, ըստ իս՝ սխալ է:
Հաճախ խոսվում է այն մասին, թե ընդդիմությունը չի կարողանում բոլոր տեղերում վստահված անձերի քանակ ապահովել. դրա համար մեր կուսակցությունը հիմա զբաղված է 6000 մարդ ներգրավվելով, որպեսզի կարողանա հսկողություն ապահովել: Նաև՝ հաճախ ընդդիմություն կոչվող կուսակցություններն իրենց տեղերը վաճառում կամ փոխանցում են մեկ այլ կուսակցության, ու ստացվում է, որ որոշ տեղամասերում կարելի է վստահված անձին չեզոքացնել»,- ասուլիսի ժամանակ իր խոսքում նշեց Ալեն Սիմոնյանը:
Լեռնիկ Ալեքսանյանը, անդրադառնալով նշված հարցադրումներին՝ ասաց.«Իհարկե, ընտրացուցակների հետ կապված կա վիճելի խնդիր: Բայց ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ ընտրությունների համար բերի մեծ խախտումների: Վստահված անձի մասին՝ իրոք այդ մի վստահված անձից է կախված այդ ամբողջ ընտրությունների կեղծիքը: Ես այստեղ չեմ տեսնում էդքան մեծ հնչեղություն: Բա պատիժ չլինի՞: Ասում եք՝ ոստիկանությունը իշխանական լծակն է, հիմա մենք չենք թողնում էդ ոստիկանությունը, ասում ենք՝ թող հանձնաժողովը որոշի: Ոստիկանությունը մերն է, մենք կասենք մի բան կսարքեն գլխին, կհանեին և այլն: Հիմա ասում ենք՝ չէ, թող էդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները որոշեն՝ ավելի մեղմ ձևով, եթե ինչ-որ խախտում է արվում»:
Ալեն Սիմոնյանը կրկին անդրադառնալով ընտրացուցակներին՝ հավելեց.«Սահմանադրական դատարանը չի արգելում ընտրացուցակները հրապարակել, նույն Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, և հաճախ ինչ իշխանությանը ձեռնտու չէ՝ չեն լսում: Ինչ վերաբերում է ընտրացուցակների հրապարակման հետ կապված հասարակական պահանջին՝ տարիներ շարունակ տարբեր ընդդիմություններ, որոնք իրար հետ տարբեր անհամաձայնություններ ունեն, այդ մի կետը նշում են, այսինքն՝ մեկը հասարակության մի մասն է ներկայացնում, մեկը՝ մի մասը, բայց այդ հարցը օրակարգում կա, քանի որ շատ հաճախ խոսում են այն մասին, որ քվեարկում են բացակայող, մահացած մարդկանց փոխարեն:
Ինչ վերաբերում է ձևակերպմանը. վստահված անձի հետ կապված, ընտրական օրենսգրքի նախագծի մեջ ձևակերպումը, թե ինչի հիման վրա պետք է վստահված անձի նկատմամբ այդ քվեարկությունը սկսվի՝ շատ վերացական է, որի տակ կարելի է ամեն ինչ անցկացնել, սկսած՝ մի կանգնի, մի շնչի: Այս ամեն ինչն իր հիմքերն ունի, որովհետև շատ հաճախ նույնիսկ նկարահանումը, որը թույլատրվում է, արգելում են, ասում են՝ ինձ մի նկարի»:
Ալեն Սիմոնյանի խոսքով, յուրաքանչյուր իշխանություն ինքը պետք է այնպես անի, որ ընտրությունների նկատմամբ վստահություն լինի. «Քանի դեռ վստահություն չկա, այլ միայն գեղեցիկ խոսքերով կամ տարատեսակ բացատրություններով փորձում մեկնաբանել, լեգիտիմություն չի լինում, ու հասարակությունը չի վստահում»: