Հինգ տարի առաջ ամերիկյան հետախուզությունը 150 միլիոն դոլար էր ծախսել` հետազոտելու համար, թե ինչ կլինի մեր տարածաշրջանում տարիներ հետո: Նրանք եզրակացրել էին, որ ապագայում Վրաստանը երկու պետություն կդառնա, Ադրբեջանը երեք պետություն, իսկ Հայաստանը կմնա այնպիսին, ինչպիսին կա: Այս հետազոտությունը բավական մեծ քննադատության արժանացավ մեր հարևան երկրներում: Դրա հիմքում ընկած էր ներպետական ատելության մակարդակը: Եթե պատերազմ սկսվի, այդ գործընթացն ավելի կարագանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
«Մենք պետք է լավ հասկանանք, որ սա պատերազմի հոտ չէ, այլ` սադրանքի: Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ շատ ուժեղ է և կարող է հարձակվել և ոչնչացնել Հայաստանը 20 րոպեում: Բայց այդ ամենը իրական չէ»,- ասաց նա:
Ադրբեջանական կողմի վերջին հարձակումը Կոմանդոսը համեմատում է Ռամիլ Սաֆարովի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ:
«Կրակել են զորամասի վրա` թուրքական հրթիռային համակարգով: Մենք պետք է լավ հասկանանք, որ այդ զոհերը Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքի նման բան է: Այս դեպքը ոչ մի օրինաչափության մեջ չի մտնում: Ինձ հետաքրքրում է, թե ինչպես են պաշտպանվում դիրքերում կանգնած մեր զինվորները: Հայաստանի ամբողջ բնակչությունն է սգում զոհված զինվորների համար, իսկ Ադրբեջանն անգամ իրենց երկրի զինվորների զոհվելն է շահարկում»,- ասաց նա:
«Ինչքան ամուր կանգնած են եղել, թող նույն ձևով շարունակեն: Մենք իրենց շնորհիվ ենք հանգիստ ապրում»,- դիմելով առաջնագծում կանգնած զինվորներին՝ ասաց հերոսը: