Բերձորում հունվարի 30-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այսօր հրավիրված քննարկմանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն ասաց, որ այս բոլոր քայլերը տանում են նրան, որ մենք կորցնում ենք Արցախը:
«Հայաստանի ու Արցախի ղեկավարները՝ լինելով օտար պետությունների ստրուկներ, կատարեցին ոչ թե միավորման, այլ՝ առանձնացման քաղաքականություն: Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանից ինչ-որ վճար է պահանջվելու ԵՏՄ մտնելու համար և այդ վճարը ակնհայտ է, որ Արցախն է: Ռուսական կայսրությունը փորձում է Արցախը տալ Ադրբեջանին, որպեսզի Հայաստանը մտնի ԵՏՄ: Սրա համար առաջին հերթին պետք է անջրպետ դնել Հայաստանի ու Արցախի միջև, որպեսզի Հայաստտանի հասարակությունը չընդվզի դրա դեմ»,- ասաց նա:
Արցախը Հայաստանի մի մասն է, և ինչպես այցելում էինք Հայաստանի այլ մարզեր, այնպես էլ Արցախ այցելեցինք: Իհարկե, մտահոգությունը կար, որ մենք այսօր կորցնում ենք Արցախը:
Քաղաքացիական ակտիվիստի համոզմամբ՝ այս ամենն արվեց, որպեսզի խորացվի իր նշած անջրպետը:
«Երբ Արցախում ծեծում են Արցախյան հերոսամարտի կարկառուն հրամանատարներից մեկին՝ Ժիրայր Սեֆիլյանին, սա նշանակում է, որ մենք կորցնում ենք Արցախը»,-իր խոսքում ասաց նա։
«Մենք շարասյունով մոտեցանք Բերձորին, ոստիկաններն արդեն նախապես փակել էին ճանապարհները: Ժիրայր Սեֆիլյանը մեզ ասել էր, որպեսզի դուրս չգանք ավտոմեքենաներից, որպեսզի սադրանք չլինի: Սկզբում հանգիստ ձևով ասացին, որպեսզի հետ գանք, որպեսզի իրենց հեռուստաընկերությունը նկարահանի, իսկ հետո՝ ավելի կոպիտ: Երբ մենք հետ շարժվեցինք, ոստիկաններն արդեն հետևից հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին ծեծել»,- եզրափակեց Սաֆարյանը: