տուն Լուրեր Սա լինելու է ընտրություն մամոնայի եւ Աստծո միջեւ. Զուրաբյանը՝ ԱԺ ընտրությունների մասին

Սա լինելու է ընտրություն մամոնայի եւ Աստծո միջեւ. Զուրաբյանը՝ ԱԺ ընտրությունների մասին

81
0

levon-zurabyan-2

ՀԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու ստորագրահավաքին միացել է 19 պատգամավոր: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքին են միացել ՀԱԿ խմբակցության յոթ պատգամավորները, «Համախմբում» կուսակցությունից հինգ,  ԲՀԿ-ից` երեք և «Ժառանգությունից» երկու պատգամավորներ: Ստորագրահավաքին միացել են նաեւ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Էդմոն Մարուքյանը: «Չեմ կարծում, որ պետք է սպասել, որ ստորագրություններն  ավելանալու են, ազդեցիկ ուժերի ներթափանցումը այս գործընթացի  մեջ ցույց տվեց, որ պատշաճ թվով ստորագրություններ չհավաքվեցին: Սա կարեւոր քայլ էր, մեզ համար` սկզբունքային, որովհետեւ մենք ամբողջ հանրությանը ներկայացրեցինք այդ իրավական ակտի հակասահմանադրականությունը: Ակնհայտ է, որ այն  պատգամավորները, ովքեր իրենց հորջորջում են ընդդիմադիր, չեն ստորագրել այս դիմումը, թող իրենք պատասխանեն հանրության հարցադրումներին»,- ասաց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա Զուրաբյանն ասաց, թե  քառօրյա նիստը քննարկելն անիմաստ է, քանի որ քաղաքական ուժերը զբաղված են ընտրություններով, իսկ ԱԺ ղեկավարությունը խուսափում է խորհրդարան լուրջ հարցեր բերելուց: «Հիմնականում տեխնիկական  հարցեր են, միակ նպատակն այն է, որ այս հնարքով զրկեն ընդդիմադիր գործիչներին ԱԺ խոսափողն ընտրություններից առաջ օգտագործելուց, սա իրենց հնարքն է, ոչինչ, մենք մեր ձեւը կգտնենք քարոզարշավի համար, ի վերջո, ինտերնետի դարում ենք ապրում»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Զուրաբյանը նշեց, որ իշխանություններն արդեն իսկ դիմում են խախտումների: Մասնավորապես, կան տեղեկություններ, որ արդեն սկսել են անձնագրային տվյալների լայնածավալ հավաքագրումը: «Ակնհայտ է, թե ինչի համար է դա արվում. դա արվում է, որ ընտրողների վրա գործադրվի ազդեցություն, բայց միեւնույն է, այն նվաճումները, որ մենք ունենք` ի դեմս ստորագրված ցուցակների հրապարակման եւ տեղամասերում տեսախցիկների տեղադրման, մենք ստեղծել ենք մի պատկեր, որ ուրիշի փոխարեն քվեարկողներ չեն լինի»,- ասաց Լեւոն  Զուրաբյանը:

Նրա խոսքով` սկսվում են մեծ արշավ, մեծ պատերազմ` փողի,  քաղաքական մտքի եւ արդարության միջեւ: «Սա է լինելու ԱԺ ընտրությունների ինտրիգը: Փողը եւ արդարությունը պատերազմելու են: Սա լինելու է ընտրություն մամոնայի եւ Աստծո միջեւ: Հիմա բոլորս կանգնած ենք այդ ընտրության առաջ»,- եզրափակեց Զուրաբյանը: