Եթե համալիրի ֆունկցիան փոխվում է, փոխվում է նաև նրա կերպարը: Չէ՞ որ այն հանդիսանում էր խորհրդային շրջանի լավագույն, ունիվերսալ կառույցներից մեկը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ով մի շարք կառույցների, այդ թվում` Երևանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից է:
«Վրդովված եմ մեր իշխանությունների վրա, որովհետև իրենք քարը գցում ենք ձորը, հետո հազար խելոք մարդ հավաքվում է, չի կարողանում այդ քարը հանել: Մեր հասարակությունը և ես` որպես ճարտարապետ, դեմ ենք համալիրի ֆունկցիան փոխելուն: Չի կարելի, մենք հանցանք ենք գործում մեր հասարակության նկատմամբ, մեր հիշողությունը շատ կարճ է դարձել, մենք չենք կարողանում կարգի գալ, հետո սկսում ենք ինքներս մեզ խոցել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ալեքսանյանը:
Ճարտարապետն անթույլատրելի է համարում Եղեռնի հուշահամալիրի հարևանությամբ խաղատուն տեղակայելը: Նրա համոզմամբ` սա ժողովրդի ուշադրությունը կարևոր իրադարձություններից շեղելու հերթական փորձն է:
«Սա շփոթություն է մեր հասարակության համար, որպեսզի մարդիկ գնան ուրիշ ճանապարհով, հետո հետ գան ու ժամանակ կորցնեն: Համալիրի շենքը ի սկզբանե մարզահամերգային միջոցառումներ իրականացնելու համար է նախատեսված եղել, մենք նրա հետ չպետք է վարվենք որպես խաղաքարտ: Սա Լաս Վեգասը չէ, մենք շատ հոգսեր ու ցավեր ունենք: Ում ուզում են վաճառեն՝ այդ գնորդը պետք է պահպանի դրա մարզահամերգային ֆունկցիան»,- նկատեց նա: