տուն Լուրեր Սա հիմարություն է, ի՞նչը քննարկենք. վիճաբանությունˋ Զարուհի Փոստանջյանի նախագծի շուրջ

Սա հիմարություն է, ի՞նչը քննարկենք. վիճաբանությունˋ Զարուհի Փոստանջյանի նախագծի շուրջ

101
0

Zaruhi POSTANJYAN, ArmeniaZaruhi POSTANJYAN, Arménie

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին օրինագիծը: Հանրապետական Սամվել Ֆարմանյանն առաջարկեց քննարկումը փակ իրականացնել, քանի որ օրինագծում պատմաիրավական սխալներ կան և հարկ չկա, որ այդ մասին հանրությունը տեղեկանա: Նախագծի հեղինակ Զարուհի Փոստաջյանն էլ նիստը փակ անցկացնելու հիմնավորում պահանջեց, որին ի պատասխան` Ֆարմանյանը նշեց. «Այս օրինագծում կան պատմագիտական բնույթի անճշտություններ և այս ամենի մասսայականացումը մեր արևմտյան հարևանների քաղաքական ու գիտական հանրության համար մեծ նվեր կլինի։ Մենք հո՞ կրակը չենք ընկել, նախագիծ ներկայացնել ու շարադրել առանց հիմնավորումների»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ շեշտեց, որ նա միշտ խոսքի ազատության ջատագով է եղել, սակայն կողմ է նախագծի փակ քննարկմանը։

«Ես` որպես նախկին ԱԳՆ, չեմ ցանկանա, որ իմ անունը շոշափվի զավեշտի մեջ»,- ասաց Արզումանյանը։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` փակ նիստերի քննարկման դաժան փորձ կա, և նա դեմ է փակ քննարկմանը։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ շեշտեց, որ նա չի մասնակցելու այս քննարկմանը և դուրս է գալու քննարկումից, քանի որ անիմաստ է համարում։ Հանրապետական Ֆարմանյանն էլ նկատեց, որ Զարուհի Փոստանջյանի այս նախագծի մասին արդեն իսկ բոլորը գիտեն և այն հանրայնացնելու կարիք անգամ չկա։ «Տղաս 6-րդ դասարանում է սովորում, և նրա համադասարանցիները տեղյակ են այս նախագծից, կրկնում եմ` պատմագիտական վտանգավոր, մասնագիտորեն սխալ տվյալներ կան այստեղ, ինչը նույնիսկ տարիներ հետո Թուրքիայի համար կարող է մեծ հաղթաթուղթ դառնալ»,- կրկնեց պատգամավորը։ Սակայն անկախ ամեն ինչից` քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ նիստը պետք է դռնփակ լինի։ Արդեն նիստերի դահլիճից դուրս եկած Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է դեմ այս նախագծի քննարկմանը, շեշտեց․ «Ախր, սա հիմարություն է, անասունություն, ի՞նչը քննարկենք։ Ձեզ պետք է գնաք, գրեք, այ Զարուհին «դուխով» աղջիկ է, Արզումանյանը վախկոտ է, բայց սենց տեքստ դուք որևէ տեղ տեսե՞լ եք»,- հարցրեց նա։