Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը խոսեց երկրում էթիկայի խախտումների, դրանց պատճառների և էթիկայի ու իրավունքի սահամանգծի մասին:
«Ես, ճիշտն ասած՝ բարոյականության և էթիկայի մեջ սահման չեմ տեսնում: Նորմալ մարդու մոտ նման սահման կարծում եմ, որ պետք է չլինի, բայց քանի որ մարդիկ լինում են նորմալ, աննորմալ և կիսաաննորմալ, նամն բաներ լինում են: Դրա համար գոյություն ունեն հասարակական նորմեր, օրենքներ, պատկերացումներ, որոնք պետք է ստիպեն մարդուն, որ ինքը մնա այդ սահմանների մեջ, որովհետև մարդուն յուրահատուկ է մտածել, որ ինքը ամեն ինչի իրավունք ունի: Դրա համար մտածում են օրենքներ, որոնք մարդուն ասում են՝ չէ, չի կարելի, այ էս սահմանից դուրս՝ չես կարող»:
Ասուլիսի մյուս բանախոս, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը անդրադարձավ ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվող վերջին դեպքերին.«Առավոտյան հենց կարդում էի Խոսրով Հարությունյանի հայտարարությունը, բացատրությունները, թե ինչու են համարել, որ Շուշան Պետրոսյանի վարքագծի մեջ էթիկայի խախտում չկա, անկեղծ ասած՝ նույնիսկ բարձրաձայն ծիծաղեցի: Մարդը հայտարարում է, թե իրենք պարզեցին, որ Շուշան Պետրոսյանի ասածների մեջ սպառնալիք չկա: Բայց սպառնալիք լինելու դեպքում դա արդեն կդառնար քրեական հանցանք, այլևս էթիկայի տիրույթում չէր լինի»:
Արմինե Օհանյանի խոսքով՝ «էթիկա» հասկացությունը նախ պետք է բացատրել ինչ որ մարդկանց, հետո նոր էթիկայի հանձնաժողովի գործունեությունը հստակ կկանոնակարգվի.«Նաև հայտարարություն էր արվել, որ եթե տարիքով մեկին, մի գիտնականի ասվեր այդ խոսքերը՝ կլիներ էթիկայի խախտում, բայց քանի որ ինչ որ երիտասարդ աղջկա է ասել, ընդամենը սաստել է: Դա ապշելու բան է, եթե նախկին վարչապետ, ամբողջ կյանքում պատգամավոր աշխատած մարդն էդպիսի բան է ասում»:
Բանախոսի կարծիքով՝ հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ էթիկայի նորմերը խախտելու բոլոր նպաստավոր պայմանները կան.«Առկա հասարակական մթնոլորտը, տգիտությունը, որը բերում է էթիկայի նորմերի խախտման: Մյուս կողմից էլ կա լրագրողների անպատասխանատու պահվածք, որ նաև հասցնում է էթիկայի խախտման: Մի տեսակ շատ բան փոխվեց՝ դաստիարակության, կրթության հետընթացն ակնհայտ է: Ճիշտն ասած, ես մեղքը տեսնում եմ բարձր ատյաններում: Եթե երկրի նախագահը իր գրեթե բոլոր ելույթներում մամուլի դեմ ինչ-որ հայտարարություններ է անում, համարում է, որ այս երկրի գաղջ մթնոլորտի մեջ մեղավորը լրագրողներն են, ովքեր պատվեր են կատարում, դա մի տեսակ ազդանշան է թոխմախների, շմայսների համար, որ կարելի է լրագրողների վրա հարձակվել, վիրավորել, հայհոյել»: