Գյումրիում կատարված ողբերգական դեպքին այսօր անդրադարձել է Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովը: «Նախ անհասկանալի է, թե ինչպես է նա գտել այդ հասցեն: Տականքը շատ քիչ ժամանակ է ապրել Հայաաստանում: Այդքան քիչ ժամանակ ապրած լինելով՝ նա շատ լավ իմացել Գյումրիի քարտեզը: Այս դեպքում, կարելի է համարել, որ հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի կոչով: Կամ էլ կա երկրորդ տարբերակը՝ նրան խելագար համարելը»:
Կալաշնիկովը բավականին աղմկոտ զենք է, և հնարավոր չէ, որ կրակեր ու չլսվեր ընտանիքի մյուս անդամների կողմից՝ հայտնեց Վովա Վարտանովը: «Տուն մտնելով՝ կրակել բոլոր անդամներին այնպես, որ անգամ չհասցնեն անկողնուց վեր կենալ՝ հնարավոր չէ անել միայնակ: Սրանք հարցեր են, որոնց այդպես էլ պատասխան չենք կարող տալ»:
Ուղեկալը, որը ձերբակալել է Պերմյակովին՝ խախտում է արել, նա պետք է տաներ նրան և հարցում կատարեր, այնուհետև փոխանցեր հայկական կողմին՝ նշեց Վովա Վարտանովը: «Այն տարածքը, որ նա անցել է՝ վկայում է 2 բանի մասին՝ կամ շատ լավ պատրաստված է, կամ էլ խելագար: Թե´ ռուսական, թե´ հայկական սահմանապահ զորքերը խախտում են կատարել: Նրանք Պերմյակովին բռնելու դեպքում իրար հետ բանակցություններ պետք է վարեին, ապա հանձնեին հայակական կողմին: Անգամ սահմանը անցնելու համար նրան բերման ենթարկելով՝պետք է հանձնեին հայկական կողմին, քանի որ խախտում էր Հայաստանի սահմանը, ոչ թե Ռուսաստանի»:
Ռուսների կարիքը, չնայած ամեն ինչի, մենք ունենք՝ վերջում նշեց Վովա Վարտանովը: «Ռուսը աչքիս լույսը չի, սակայն, ես երբեք չեմ կարող հերքել այն փաստը, որ մենք իրենց կարիքն ունենք: Հակառուսական ակցիաները կամ հակաբազայական ակցիաները ուղղակի դավաճանություն է մեր սահմանների հանդեպ»: